Հայը Ուկրաինայում պետք է լինի պրոուկրաինական, Ֆրանսիայում՝ պրոֆրանսիական. Բորիս Եղիազարյան

13:30 • 20.02.14

Ուկրաինայում այս բոլոր օրերին Մայդանում անցկացնող հայ տաղանդավոր գեղանկարիչ Բորիս Եղիազարյանի հետ Tert.am-ը փետրվարի 19-ի երեկոյան կապվեց, երբ նա «մի քիչ վիրավորված», հոգնած, թաց, սառած՝ Մայդանից մի քանի ժամով տուն էր գնացել: Բորիս Եղիազարյանն ասաց, որ Մայդանում է որպես ուկրաինացի գեղանկարիչ, ոչ որպես հայ համայնքի ներկայացուցիչ՝ ավելացնելով. «Ամեն հայի նկատմամբ քաղցր սեր ունեմ, բայց հայ համայնքի հետ գործ չունեմ, որովհետև հայ համայնքը Ուկրաինայում անում է պրոռուսական, հակաուկրաինական քաղաքականություն: Ցավոք սրտի»:


-Բորի՛ս հայ համայնքի ներկայացուցիչը նշեց, որ հայ համայնքը ներուկրաինական այս ճգնաժամում, որը արդեն քաղաքացիական պատերազմի եզրին է, համայնքը իրեն դրսևորում է որպես ապաքաղաքական կառույց, չնայած՝ ինչքան մարդ, այնքան կարծիք: Ըստ Ձեզ՝ այնումենայնիվ, համակրանքները ո՞ր կողմն են, «Ռեգիոնների կուսակության», թե՝ Մայդանի:


-Երիտասարդությունը Ուկրաինայի եվրոպականացման կողմնակից է: Հիմնականում, կրթված երիտասարդությունը, իսկ համայնքն ընդհանրապես ունի պրոռուսական մոտեցումներ:


-Ուկրաինայի դեպքերը, ըստ Ձեզ, Հայաստանի ապագայի վրա ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ: Արդյոք, եթե Ոսկրանային հաջողվի գնալ արևմտյան ուղղությամբ դա կանդրադառնա՝ մեր Մաքսային միությունն անդամակցության վրա, քանի որ այդ դեպքում Ռուսաստանն ինքը նպատակահարմար չի համարի այս կառույցի գոյությունը:


- Եթե Ուկրաինան պոկվի, և հուսով եմ, որ վաղ թե ուշ պոկվելու է ու մտնելու է Եվրամիություն, շատ մեծ փոփոխություններ են տեղի ունենալու ոչ միայն Ուկրաինայի համար, այլև ամբողջ Եվրոպայի, Ռուսաստանի, Բելառուսի ու Հայաստանի: Եվ անգամ՝ Վրաստանի, որ արդեն սկսել է մի քիչ հետ գնալ իր բռնած կուրսից, որովհետև Ռուսաստանը նորից աչքը դնելու է Վրաստանի վրա: Ե՞ս ինչպես եմ կարծում։ Առհասարակ, Ուկրաինայի՝ Եվրոպա մտնելուց հետո տեղի են ունենալու աշխարհաքաղաքական փոփոխություններ Եվրոպայում և աշխարհում: Եվ աշխարհագրական Ռուսաստանի ու Եվրոպայի միջև լինելու է մի հզոր պետություն՝ Եվրոպայի ամենամեծ պետությունը՝ իր տարածքով ու ազգաբնակչությամբ, որ կոչվելու է Ուկրաինա:


Հիմա, Հայաստանի համար ի՞նչ փոփոխություններ կարող են լինել: Մենք՝ հայերս, պատմականորեն պրոռուսական ժողովուրդ ենք, և ես ինքս շատ եմ սիրում ռուս ազգը, ռուս մշակույթը: Մենք ըտենց ենք … և հետո մենք ունենք Ղարաբաղի հարց, ունենք Թուրքիայի հարց՝ էն կողմում: Բայց կա մի հարց. մեզ պետք էր ինքնիշխանություն, ինքնավարություն՝ քաղաքական և տնտեսական: Մենք ազգ ենք, որի 2 միլիոնը մնացել է Հայաստանում, սակայն մենք 15 միլիոն ենք ու մնացած հայությունը Եվրոպայում ու Ամերիկայում է ապրում: Մենք էդ իմաստով եվրոպացի ժողովուրդ ենք: Մենք եվրոպա՞ցի ենք, թե՞ ասիացի. մենք ունենք ասիական արժեքներ, մենք ունենք եվրոպական արժեքներ, բայց հայությունը՝ 14 միլիոնը Եվրոպայում ու Ամերիկայում է ապրում: Մենք արդեն եվրոպացի ազգություն ենք, և էդ իմաստով մենք հայերս եվրաինտեգրացված ենք վաղուց:


Եթե Ուկրաինայում անում ենք պրոյեկտներ՝ մշակութային և այլ, ապա դրանք ինձ հիշեցնում են 20 տարի առաջ Հայաստանի պրոյեկտները: Գիտե՞ք ինչու. մենք բաց ենք Եվրոպայի առաջ, մենք Եվրոպան գիտենք, ճանաչում ենք: Սովետական ժամանակներից Եվրոպան մեզ համար բաց էր, Սովետական միությունը՝ փակ էր: Մենք՝ հայերս, Սովետի ժամանակ Աստվածաշունչ էինք կարդում, եկեղեցի էինք գնում: Ուկրաինայում մարդը Աստվածաշունչ ունենալու համար պիտի դիմեր ՑԷԿԱ ԿՊՍՍ (ЦК КПСС) ,որ թույլտվություն տար, որ մարդը գնա եկեղեցուց վերցնի: Մենք ազատ ազգ ենք եղել: Հիմա, մենք այսօր շատ ճնշված, ստրկացված ազգ ենք և մենք ստրկացել ենք ոչ թե նրա համար, որ մենք Ռուսաստանը սիրում ենք, հարգում ենք և Ռուսաստանի հետ կարող էինք ունենալ չտեսնված հարաբերություններ, եթե մենք ունենայինք Եվրոպայի հետ առևտուր, ՆԱՏՕ-ի հետ՝ գործեր, մենք եվրաինետգրվեինք: Մենք կարող էինք անգամ ռուսական բանակն էլ ունենալ Հայաստանում, ոչ ոք դեմ չէր լինի: Ու ահավոր է, որ աշխարհը Վրաստանին տեր կանգնեց, հայերին տվեց Ռուսաստանին, որը մեզ մոտենում է … գավառ, ճնշված ժողովուրդ, անօրինություն … տղեքը գան իշխանության, գռփեն, սպանեն, նվաստացնեն, ժողովուրդը նվաստացած վիճակում ենթարկվի Կրեմլին…


- Օրերս գրառում էիք արել .« Այս գիշեր որոշվում է Ուկրաինայի ճակատագիրը: Այստեղ պատերազմ է, այստեղ միասին սարսափելի չէ: Մայդանում ամեն տեսակի օգնություն է անհրաժեշտ: Երիտասարդներ, եկեք, մենք պետք է դիմադրենք մինչև առավոտ, վե՛ր կացեք և եկեք»: Ձեր գրությունը քննարկվում էր սոցցանցերում և կային «դեմ» դիրքորոշումներ, թե ինչո՞ւ եք որպես հայ համայնքի ներկայացուցիչ հայերին ներքաշում:


- Այդ մասին ասեմ. անցած տարի գարնանը՝ 2013-ի ապրիլի 24 էր, Ուկրաինայում տեղի ունեցավ կլոր սեղան՝ ապրիլի 24-ի հետ կապված: Հրավիրված էին Ուկրաինայի մտավորականության ներկայացուցիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, եկել էր նաև Վիկտոր Յանուկովիչի խորհրդական Աննա Գերմանը … այդ հանդիպման ժամանակ, երբ խոսքը եկավ Աննա Գերմանին, ինքը ասաց՝«ես ուզում եմ, որ բոլոր ներկաները, լրագրողները արձանագրեն, որ այստեղ հիմնականում ներկա են իշխանության ներկայացուցիչները», ու ասաց, որ դրանից՝ հետևություն, որ մենք՝ այսօրվա իշխանությունները և «Ռեգիոնների կուսակցությունը» հայ համայնքին շատ մեծ տեղ ենք տալիս:


Իմ ելույթը կլոր սեղանին պետք է լիներ մեկ ելույթ անց, ես ընդհատեցի Գերմանին ՝ էս տեսակ խոսքերով, որ, գիտեք ինչ, ես խնդրում եմ ինձ ներեք, ես հայ գեղանկարիչ եմ, որը ներկայացնում է արտասահմանում Ուկրաինայի արվեստը իբրև հայ արվեստագետ: Ինչպես Փարաջանովը. հայ էր, բայց ուկրաինացի ռեժիսոր: Ես խոսում եմ իմ անունից և ոչ հայ համայնքի անունից: Միշտ շեշտել եմ դա՝ ուկրաինացի նկարիչ՝ ազգությամբ հայ: Ես ասացի՝«հանձինս Աննա Գերմանի, ով նախագահի խորհրդականն է, այսօր ես մտածում էի, որ հայերին եկել է ցավակցելու, հայերի նկատմամբ իր հարգանքը հայտնելու և հայտնելու ուկրաինական պետության վերաբերմունքը հայ գենոցիդի նկատմամբ»: Որ մենք հայերս՝ տարիներ շարունակ Ուկրաինայում անգամ ցույցեր չենք անում՝ ելնելով այն նուրբ հարցից, որ Ուկրաինայի վիճակը բարդ է, մենք չենք ուզում ուկրաինացիներին նեղություն տալ, երբ որ ամբողջ աշխարհում թուրքական դեսպանատների մոտ ցույցեր են արվում: Մենք շատ զուսպ ենք: Բայց ասացի, որ ես տեսա, որ Աննա Գերմանը ոչ թե ներկայացնում է Ուկրաինայի պետությունը,որը հասկանում է հայերի խնդիրը, Հայոց ցեղասպանության խնդիրը և իր վերաբերմունքն ունի դրա նկատմամբ, ես տեսա, որ Աննա Գերմանը եկել է այստեղ, որ հայտարարություն անի՝ տեսեք, հայեր, որ իշխանություններն այսօրվա ձեր՝ հայերի նկատմամբ հատուկ ուշադրություն ունեն:


Այդ բանը արեցին 2004-ին, երբ Ուկրաինայի հայությունը դեմ դուրս եկավ ուկրաինական հեղափոխությանը: Բոլոր ազգությունները լոյալ էին, իրենց դիվանագիտությունն ունեին, հայերը դեմ դուրս եկան: Հիմա, իբրև հայ անհատ շեշտել եմ ու հայտարարում եմ՝ ուկրաինացի հայ գեղանկարիչս, որ ամբողջ աշխարհում ներկայացնում եմ Ուկրաինան և իմ ազգություն, ես այդ տեսակ հայացքներ ունեմ: Ես կողմ եմ Ուկրաինայի եվրաինտեգրմանը: Բայց ես միշտ շեշտում եմ՝ ես հայ համայնք չեմ ներկայացնում, ես հայ համայնքի հետ կապ չունեմ: Ես հայ համայնքի հետ գնում եմ՝ եկեղեցում աղոթք եմ անում, ես ժողովների չեմ մասնակցում … Ամեն հայի նկատմամբ քաղցր սեր ունեմ, բայց հայ համայնքի հետ գործ չունեմ, որովհետև հայ համայնքը Ուկրաինայում վարում է պրոռուսական, հակաուկրաինական քաղաքականություն: Ցավոք սրտի: Ֆրանսիայում ապրող հայերը թող լինեն ջատագովներ Ֆրանսիայի և լինելով Ֆրանսիայի պետական-ազգային քաղաքականության ջատագովներ՝ ունենան լոբբի Ֆրանսիայում, օգնեն Մայր Հայաստանին … Անգլիայում նույնպես, Շվեյցարիայում ... Ամերիկայում հայերը պետք է պաշտպանեն ԱՄՆ պետական-ազգային-ամերիկյան-երկրի քաղաքականությունը: