Եկեղեցին Բրիտանիայի վարչապետին մեղադրել է բնակչության սովի համար
Մեծ Բրիտանիայում 27 անգլիկան եպիսկոպոսներ վարչապետ Դևիդ Քեմերոնին մեղադրել են «ազգային ճգնաժամի» պատճառ դառնալու համար, որը ստիպել է 500 հազար մարդու օգնության համար դիմել այսպես կոչված «սննդի բանկեր», հայտնում է The Guardian-ը:
Եպիսկոպոսները կառավարության ղեկավարին մեղադրել են նրա համար, որ թոշակների վճարման համակարգը չի գործում պատշաճ կերպով, ինչն էլ մարդկանց ստիպել է դիմել բարեգործական կազմակերպությունների ծառայություններին:
Հայտարարության մեջ ասվում է, որ անցած տարի սննդային բանկեր է դիմել կես միլիոն մարդ, ինչի հետևանքով 5,5 հազար հոգի հիվանդանոց է տեղափոխվել թերսնման հետևանքով, իսկ մայրերի 20%-ն ինքն իրեն զրկել է սննդից` երեխաներին կերակրելու համար: Եպիսկոպոսները զարմանք են հայտնել հատկապես այն առիթով, որ մարդիկ քաղցած են աշխարհի ամենաապահովված երկրներից մեկում:
Սննդային բանկերը սնունդ են հայթայթում սննդարտադրողներից ու մատակարարներից և փոխանցում են կարիքավորներին:










