Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Միջխորհրդարանական միության բրիտանական խմբին

17:11 • 20.02.14

Փետրվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Միջխորհրդարանական միության բրիտանական խմբի անդամներին:

 

Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից:

 

Հաղորդագրության մեջ ասվում է. «Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է երկու երկրների միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, ապա իր գնահատանքն է հայտնել Միջխորհրդարանական միության բրիտանական խմբի ներկայացուցիչներին` հայ ժողովրդին հուզող խնդիրների լուծման համար ցուցաբերվող զորակցության համար:

 

Իր խոսքում Վեհափառ Հայրապետը մասնավորապես անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայ Առաքելական Եկեղեցու կողմից գործադրվող ջանքերին: Նորին Սրբությունը ներկայացրել է նաև տարածաշրջանի հոգևոր առաջնորդների հանդիպումների արդյունքները, կարևոր նկատեց միջազգային հանրության ջանքերը` տարածաշրջանում խաղաղության կայունացման և վերահաստատման համար:

 

Զրույցի ընթացքում ներկաներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որոնք վերաբերում էին Կաթոլիկ և Անգլիկան Եկեղեցիների հետ Հայ Առաքելական Եկեղեցու գործակցությանը, Եկեղեցի և պետություն հարաբերություններին, Եկեղեցու ներկայիս գործունեությանը»: