ԱՄՆ-ն ու ԵՄ-ն քննարկում են Ուկրաինայի դեմ համատեղ պատժամիջոցների հարցը
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ուկրաինացի պաշտոնյաների նկատմամբ հասցեական պատժամիջոցներով են սպառնում, որոնք, իրենց կարծիքով, պատասխանատու են Կիևում բռնության համար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին:
Թերթի տեղեկություններով՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարները հինգշաբթի պատրաստվում են հանդիպել ուկրաինացի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության առաջնորդների հետ:
Պատժամիջոցների կիրառման հարցով վերջնական որոշումը կկայացվի ԵՄ արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ:
Թերթը նշում է, որ Սպիտակ տունն Ուկրաինայի նկատմամբ պատժիչ միջոցների հավելյալ փաթեթ ունի, որոնք պատրաստ են կիրառվել, սակայն բարձրաստիճան պաշտոնյաները կարծում են, որ ամենաարդյունավետը կլինեն, հավանաբար, ԵՄ-ի հետ համագործակցությամբ ներդրված պատժամիջոցները:
Քննարկվող միջոցները ներառում են Յանուկովիչին մոտ բարձրաստիճան ուկրաինացի պաշտոնյաների նկատմամբ հավելյալ վիզային սահմանափակումների սահմանումը, ինչպես նաև ակտիվների հնարավոր սառեցումը:
Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել է 20 ուկրաինացի պաշտոնյաների դեմ վիզային պատժամիջոցների ներդրման մասին:










