Ուկրաինայի առողջապահության նախարարությունը Կիևում զոհերի մասին նոր տվյալներ է հրապարակել (տեսանյութ, ուղիղ միացում)

11:17 • 20.02.14

Ուկրաինայի առողջապահության նախարարությունը թարմացրել է Կիևի կենտրոնում բախումների հետևանքով մահացածների և վիրավորների մասին տեղեկությունները, գրում է lenta.ru-ն:

 

Ընդհանուր առմամբ, նախարարության տեղեկություններով՝ անկարգությունների սկզբից ի վեր մահացել է 28 մարդ, 445 վիրավոր օգնության համար դիմել է բուժհաստատություններ: Հիվանդանոցներում է գտնվում 287 մարդ: Վիճակագրությունը փետրվարի 20-ի առավոտյան ժամը 6։00-ի դրությամբ է, նախարարությունում սկսել են տվյալներ հավաքել փետրվարի 18-ի առավոտից, երբ Կիևում՝ Գերագույն ռադայի շենքի մոտ, սկսվեցին ցուցարարների և իրավապահների միջև բախումները:

 

Նշվում է, որ հոսպիտալացվածներից 88-ն իրավապահ մարմինների աշխատակիցներ են: Հիվանդանոցներում են գտնվում նաև վեց լրագրող, չորս անչափահաս, երկու արտասահմանցի և ռադայի մեկ պատգամավոր (Վասիլի Պազինյակ՝ «Բատկիվշչինա» խմբակցությունից):

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ զոհերի թվում եղել է 10 իրավապահ և մեկ լրագրող՝ «Վեստի» թերթի թղթակից Վյաչեսլավ Վերեմիյը: Ընդհանուր առմամբ, բախումների ժամանակ վիրավորվել է մոտ 800 մարդ:

 

Համացանցում է հայտնվել նաև տեսանյութ, որը ցույց է տալիս «Բերկուտի» և ներքին զորքերի հարձակման հետևանքները Մարիինյան զբոսայգում: