Ուկրաինան պատրաստ է փոխել կառավարությունը և սահմանադրությունը. ԱԳՆ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարան CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իշխանությունները պատրաստ են ընդդիմության հետ քննարկել համատեղ կառավարության ստեղծումը և սահմանադրական բարեփոխումների իրականացումը, այս մասին գրում է gazeta.ru-ն:
Այնուամենայնիվ, դնել նախագահական արտահերթ ընտրությունների հարց, նախարարի կարծիքով, սխալ կլիներ, քանի որ նա ընտրվել է 2010 թվականին լեգիտիմ ճանապարհով:
Բացի այդ, Կոժարան կոչ է արել չվերաբերվել Ուկրաինայում իշխող Ռեգիոնների կուսակցությանը որպես «հակաժողովրդավարական» կամ «հակաեվրոպական»:
Նախարարը նաև ընդգծել է, որ իշխանությունները կատարել են ցուցարարների գրեթե բոլոր պահանջները, սակայն «տպավորություն է ստեղծվում, որ ընդդիմությունը չի ցանկանում վերցնել պատասխանատվության իր բաժինը»:
Մեկնաբանելով Ուկրաինայի հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ Կոժարան հայտարարել է, որ ՌԴ–ն երկրի կարևոր տնտեսական և ռազմավարական գործընկերն է, սակայն չունի «ուղիղ ազդեցություն» Կիևի վրա:
Այդ առնչությամբ Կոժարան ոչ կոռեկտ է անվանել Ուկրաինան «որպես խաղաքարտ Արևմուտքի և Արևելքի աշխարհաքաղաքական խաղերում» օգտագործելը:
«Ուկրաինացի ժողովուրդն իրավունք ունի ընտրել սեփական ճակատագիրը»,- եզրափակել է նախարարը:










