Ռադան բանաձև է ընդունել ուժայիններին Կիևից դուրս բերելու մասին (ուղիղ, տարբերակ 14)
01։05
Գերագույն ռադան բանաձև է ընդունել հակաահաբեկչական գործողությունների դադարեցման և ուժայիններին Կիևից դուրս բերելու մասին, հաղորդում է УНИАН գործակալությունը:
Украинская правда-ի փոխանցմամբ՝ պատգամավորները քվեարկել են կրակի դադարեցման և բոլոր ուժայիններին զորամասեր վերադարձնելու մասին որոշման օգտին: «Ուկրաինայում մարդկային զոհերի հանգեցրած բռնության դատապարտման մասին» բանաձևի ընդունմանը կողմ են քվեարկել 236 պատգամավորներ՝ ներկա 238-ից: Բանաձևը նախատեսում է նաև զենքի կիրառման արգելքը, տրանսպորտային հաղորդակցման սահմանափակումները:
Բանաձևում նշվում է, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում կարող է կայացնել միայն Գերագույն ռադան:
00։25
ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը Բրյուսելում հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունների նկատմամբ վիզային և ֆինանսական պատժամիջոցներ են սահմանվում:
Главком-ի հաղորդմամբ՝ Էշթոնն ընդգծել է, որ կսառեցվեն ակտիվները, սահմանափակվի զենքի մատակարարումը, ինչպես նաև վիզային արգելափակումներ կսահմանվեն բռնության համար պատասխանատու պետական պաշտոնյաների նկատմամբ:
Մարդկանց հստակ ցուցակը, ում հանդեպ պատժամիջոցներ են կիրառվելու, կկազմավորի Կիևում ԵՄ ներկայացուցչությունը:
Բացի այդ, ԵՄ գերագույն ներկայացուցիչը հայտնում է, որ ուկրաինացի ցուցարարների համար կթեթևացվի վիզային ռեժիմը, ինչպես նաև արտոնություններ կտրամադրի ընդդիմության ներկայացուցիչները:
23։57
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանդիպում է ունեցել երկրի ընդդիմադիր առաջնորդներ՝ Արսենի Յացենյուկի, Վիտալի Կլիչկոյի և Օլեգ Տյագնիբոկի հետ: Նպատակը՝ Ուկրաինայի սոցիալ-քաղաքական ճգնաժամի խաղաղ կարգավորումն է:
Այս մասին հաղորդում է Риа Новости-ն:
Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հանդիպման արդյունքում հայտարարվել է զինադադարի և բանակցություններ սկսելու մեկնարկի մասին:
23։33
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ԵՄ ներկայացուցիչների հետ բանակցությունների ընթացքում պատրաստակամություն է հայտնել այս տարի արտահերթ ընտրություններ անցկացնել:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ Reuters-ին հղումով, հինգշաբթի Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի ԱԳ նախարարներ Լորան Ֆաբիուսը, Ֆրանկ-Վալտեր Շտայմայերը և Ռադոսլավ Սիկորսկին Կիևում հանդիպել են Յանուկովիչի հետ, որից հետո հանդիպում են ունեցել ուկրաինացի ընդդիմադիրների հետ:
Ուկրաինայի նախագահը բանակցությունների ընթացքում հայտնել է. «Մենք արդեն շատ թանկ գին ենք վճարել իշխանության ձգտողների ամբիցիաների համար: Էլ ավելի մեծ գին չվճարելու համար, կոչ եմ անում ուշքի գալ: Անհրաժեշտ է բանակցությունների սեղանի շուրջ նստել և փրկել Ուկրաինան»:
22։47
Մ անդամ երկրների ԱԳ նախարարները հինգշաբթի որոշում են կայացրել Ուկրաինայում բռնություն հրահրող անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին: Այս մասին հաղորդում է INTERFAX-ը՝ BBC-ին հղումով, որն էլ մեջբերում է Իտալիայի ԱԳ նախարար Էմմա Բոնինոյի խոսքը:
Պատժամիջոցները նախատեսում են վիզային սահմանափակումներ և բանկային հաշիվների սառեցում իրականացնել բռնության համար մեղավոր անձանց նկատմամբ: Բոնինոյի խոսքով՝ տվյալ որոշումը կյանքի կկոչվի շատ արագ՝ առաջիկա ժամերի ընթացքում:
Հիշեցնենք, որ բռնության մեղավորների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու կոչով այսօր հանդես էր եկել Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դաուլը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ն կոչ է արել Ուկրաինայի իշխանություններին Կիևի կենտրոնից դուրս բերել ուժայիններին, իսկ ընդդիմությանը՝ ապահովել ցույցերի խաղաղ ընթացքը:
ԱՄՆ-ն կոչ է արել նաև Ուկրաինայի բանակին չմիջամտել հակամարտությանը, որը պետք է քաղաքական ճանապարհով լուծում գտնի:
Украинская правда-ի հաղորդմամբ խոսքով հանդես է եկել նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն՝ կոչ անելով ընդդիմությանը դադարեցնել բանակցությունները նախագահ Յանուկովիչի հետ: Ցուցարարների դեմ դիպուկահարների դուրս բերելու համար Տիմոշենկոն մեղավոր է համարում նախագահին՝ նշելով, որ նման գործողությունները ծայրահեղ անմարդկային դաժանություն են արտահայտում, և դրան ներում չպետք է լինի: Նրա համոզմամբ՝ ցույցերի հիմնական նպատակն այսուհետ պետք է լինի Յանուկովիչի պաշտոնանկությունը:
Հաղորդվում է նաև, որ Լուցկում ոստիկաններն ու Ներքին ուժերի որոշ աշխատակիցներ միացել են ցուցարարներին և բնակիչների հետ միասին կմասնակցեն ինքնապաշտպանական գործընթացին և կարգուկանոնի պահպանմանը: Ոստիկանությունից հայտնել են, որ ոչ մի ուժային չի ուղարկվի Կիև:
Газета.Ru-ի փոխանցմամբ՝ Լվովում հինգշաբթի երեկոյան հրդեհ է բռնկվել այն հատվածում, որտեղ տեղակայված է Ուկրաինայի ՆԳՆ-ի«Բերկուտ» հատուկ ջոկատայինների ստորաբաժանումը: Մամլո ծառայության հաղորդմամբ՝ դեպքի վայր է ուղևորվել մի քանի հրշեջ ստորաբաժանումներ:
Ավելի ուշ հաղորդագրություն է ստացվել, որ հինգշաբթի մայդանում ևս մեկ լրագրող է սպանվել: Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն՝ Спортаналитик մարզական պարբերականի կայքին հղումով, զոհվել է պարբերականի լրագրող 22-ամյա Իգոր Կոստենկոն:
Հիշեցնենք, որ Կիևում բախումների հետևանքով հրազենային վնասվածքից զոհվել էր նաև Вести պարբերականի լրագրողՎյաչեսլավ Վերեմինը:
21։36
Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը և Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպումից հետո հեռացել են Ուկրաինայի նախագահական նստավայրից: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը:
Интерфакс-Украина-ի տեղեկատվության համաձայն հանդիպումը տևել է մոտ 6 ժամ, նախարարները շենքից դուրս են եկել դեմքի մռայլ արտահայտությամբ և չցանկանալով պատասխանել լրագրողների հարցերին՝ արագ նստել են մեքենաներն ու հեռացել:
21։05
Կիևում փետրվարի 20-ին տեղի ունեցած բախումների հետևանքով առնվազն 100 մարդ է զոհվել, հաղորդում Lenta.ru-ն՝ CNN-ին հղումով: Ընդդիմության բուժծառայության ղեկավարի հաղորդած տվյալների համաձայն՝ տուժածների թիվը հասել է 500-ի:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ խոսքը փետրվարի 20-ի առավոտից տեղի ունեցող դեպքերի հետևանքով տուժածների և զոհերի մասին է:
Интерфакс-ի փոխանցմամբ, որը մեջբերում է «Սվոբոդա» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր, «Ազգային դիմադրության շտաբի» բուժծառայության ղեկավար Սվյատոսլավ Խանենկոյին, այսօր տեղի ունեցած բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 60-ի: Նրա խոսքով մարդիկ մահանում են հրազենային վերքերից:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի առողջապահության նախարարությունն այսօր ուրիշ տվյալներ էր հրապարակել. 14:00-ի դրությամբ հաղորդվում էր 7 զոհվածների և 60 տուժածների մասին:
20։30
Եվրոպական ժողովրդական կուսակցության խումբն իր կայքում (EPP Group) հինգշաբթի հրապարակել է խմբի նախագահող և Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դաուլի հայտարարությունը՝ Կիևում տեղի ունեցող իրադարձությունների և նախագահ Յանուկովիչի դիրքորոշման վերաբերյալ:
«Եվրոպական մայրցամաքում ներկա պահին երկրի առաջնորդը կոտորած է իրականացնում իր ժողովրդի նկատմամբ: Այս ահասարսուռ իրադարձություններն ստիպում են հիշել պատմության ամենադաժան պահերը՝ 1956-ի Բուդապեշտը, 1968-ի պրահան, 1992-ի Սարաևոն: Հրահանգելով ոստիկաններին ռազմամթերքով, ջրցան մեքենաներով, մահակներով, նռնակներով հարձակվել մայդանի ցուցարարների վրա՝ նախագահ Յանուկովիչը որոշել է նմանակել այնպիսի գործիչների, ինչպիսիք են Վոյցեխ Յարուզելսկին, Նիկոլաե Չաուշեսկուն և Սլոբոդան Միլոշևիչը: Յանուկովիչն ինքն իրեն դուրս է մղել ժողովրդական առաջնորդների ակումբից»,- գրել է Ժոզեֆ Դաուլը։
«Քանի որ ռեժիմը հաշվի չի առնում երկխոսության մասին մեր կոչերը և շարունակում է իր հանցավոր գործունեությունը, կոչ եմ անում EU28-ի անդամ երկրների ԱԳ նախարարներին, ովքեր պետք է այսօր հանդիպում անցկացնեն Բրյուսելում, Յանուկովիչի և նրա աջակիցների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու անհապաղ որոշում կայացնել: Սկզբի համար, այս մարդկանց պետք է արգելվի ճանապարհորդել Եվրոպական Միության տարածքով: Երկրորդ հերթին, պետք է սառեցվեն նախագահի, նրա ընտանիքի, ընկերների և աջակիցների հաշիվները Եվրոպայում: Վերջապես, մենք պետք է ձերբակալման միջազգային օրդեր ներկայացնենք Յանուկովիչին՝ Հաագայի Միջազգային Քրեական դատարանի առաջ կանգնեցնելու համար: Ընթացող ճգնաժամը հանցագործություն է մարդկության նկատմամբ: Յանուկովիչը պետք է կանգնի արդարադատության առաջ»,- ասված է հայտարարությունում։
«Մենք կոչ ենք անում ռեժիմին ապահովել Միջազգային Կարմիր խաչի և այլ բժշկական օգնություն տրամադրող կազմակերպությունների մուտքը Կիև և Ուկրաինայի այլ քաղաքներ», - իր խոսքը եզրափակել է Ժոզեֆ Դաուլը:
19։40
Կիևում մի խումբ ակտիվիստներ փորձում են մոտենալ Ուկրաինայի նախագահի վարչակազմի շենքին, ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ Интерфакс-ին հղումով:
Ինչպես հաղորդում է գործակալության թղթակիցը՝ կրակոցներ և պայթյուններ են հնչում: Վարչակազմի շենքի շուրջ հսկողություն անցկացնող ներքին ուժերի զինյալները «պատրաստ լինելու» հրահանգ են ստացել:
Նախագահական վարչակազմի շենքին մոտենալ ցանկացողների թիվը չի հաղորդվում: Հայտնի չէ նաև՝ արդյոք նրանք զինված են, թե ոչ:
Ուկրաինայի ՆԳ նախարարությունում, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, նշել են, որ ցուցարարների կողմից հարձակման դեպքում, իրավապահները կարող են զենք կիրառել:
19։20
Կիևի բնակիչները հեռանում են մայրաքաղաքի կենտրոնից, որտեղ շարունակվում են բախումները ակտիվիստների և իրավապահների միջև:
Ինչպես հաղորդում է ВЗГЛЯД-ը՝ Сегодня.ua-ին հղումով, մարդկանց վախեցնում են քաղաքում հնչող պայթյուններն ու կրակոցները: Թաղամասը, որտեղ գտնվում է Ուկրաինայի ՆԳ նախարարության շենքը, շրջափակման մեջ է, մշտապես լսվում են շտապ օգնության մեքենաների ազդանշանները:
Интерфакс-ի տեղեկություններով՝ մետրոն ևս չի աշխատում, իսկ ճանապարհներին խցանումներ են առաջացել, հանրային տրանսպորտը գրեթե չի գործում:
ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ բենզալցակայաններում հարյուրավոր մեքենաներ են հերթ կանգնել: Կիևի բնակիչները մտավախություն ունեն, որ քաղաքում կարող են փակել բենզալցակայանները:
19։14
Ուկրաինայի Գերագույն ռադայի փոխխոսնակ Ռուսլան Կոշուլինսկին հինգշաբթի հայտարարել է Ռադայի արտահերթ նիստի բացման մասին:
Ինչպես հաղորդում է Украинская правда-ն՝ փոխխոսնակը հայտնել է, որ գրանցվել են նիստին ներկա 200-ից ավելի պատգամավորներ: Սակայն պատգամավորները դեռևս սպասում են իրենց մյուս գործընկերների ժամանմանը՝ քվորում ապահովելու համար:
Պատգամավորները երգել են Ուկրաինայի հիմնը, որից հետո Կոշուլինսկին 1 ժամով ընդմիջում է հայտարարել:
18:42
Ուկրաինայի ՆԳ նախարար Վիտալի Զախարչենկոն զանգվածային անկարգություններից հետո հայտնել է, որ ստորագրել է իրավապահներին ռազմական զենք բաժանելու մասին հրահանգները և թույլատրել է դրանց կիրառումը:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ ՆԳ նախարարության կայքին հղումով, իրավապահներին հատկացված զենքը կկիրառվի Ուկրաինայի՝ «Ոստիկանության մասին» օրենքի համաձայն:
Ավելի վաղ իրավապահ մարմինների աշխատակիցներին թույլատրել են զենք կիրառել ինքնապաշտպանության համար:
Հաղորդվում է նաև, որ Կիևում անկարգությունների հետևանքով տուժածների թիվը հասել է 505-ի, իսկ զոհերի թիվը՝ 35-ի, 292 մարդ հոսպիտալացվել է:
17.25 Ուկրաինայի Ռեգիոնների կուսակցության խմբակցությունից 12 պատգամավորներ նախաձեռնում են Գերագույն ռադայի շտապ նիստ հրավիրել՝ խորհրդարանական-նախագահական կառավարման անցնելու համար, և աջակցություն են հայտնում ուկրաինացի ժողովրդին: Այդ մասին ասված է պատգամավորների համատեղ հայտարարությունում, գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն՝ հղում անելով «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ին:
Պատգամավորներն անհանգստություն են հայտնել քաղաքների փողոցներում արյունահեղության և երկու կողմերից զոհերի առնչությամբ:
16.49 Կիևի քաղաքային վարչակազմի ղեկավար Վլադիմիր Մակեենկոն դուրս է եկել իշխող Ռեգիոնների կուսակցությունից և խոստացել է վերականգնել մետրոյի աշխատանքը, որը դադարեցվել էր իշխանությունների որոշմամբ, հաղորդում է УНИАН-ը:
Կիևի քաղաքային վարչակազմի կայքում հրապարակված՝ նախագահ Վիկտոր Յանուկովիչին ուղղված հայտարարության մեջ նա ասել է, որ իր վրա է վերցնում Կիևի կենսագործունեության պատասխանատվությունը:
«Ոչ մի իշխանություն արժանի չէ մարդկային զոհերի: Ոչ մի օլիգարխ չի մահացել, ոչ մի քաղաքական գործիչ չի մահացել, ես զբաղված եմ տասնյակ հասարակ մարդկանց թաղումով: Առաջարկում եմ յուրաքանչյուր ժողովրդական պատգամավորի, անկախ կուսակցական տոմսից, կենդանի շղթա կազմել համազգեստով Ուկրաինայի քաղաքացիների և քաղաքացիական հագուստով մարդկանց միջև՝ մարտական գործողությունների և արյունահեղության դադարեցման համար»,- ասել է Մակեենկոն:
УНИАН-ը գրում է նաև, որ Դիմադրության ազգային շտաբի հաղորդմամբ՝ առաջիկա ժամերին Կիևում արտակարգ դրություն կհայտարարվի: Այդ ժամանակ ամբողջովին կանջատվի համացանցն ու բջջային կապը: Շտաբը կոչ է անում բոլորին դուրս գալ Մայդան:
Միևնույն ժամանակ Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ իրավապահների կյանքի և առողջության պահպանման նպատակով որոշում է կայացվել անձնակազմը տեղափոխել առավել անվտանգ դիրքեր, և գործող օրենսդրության համաձայն՝ զենք կիրառել ինքնապաշտպանության համար:
Նշենք, որ փետրվարի 18-ից վերսկսված բախումներից ի վեր զոհվել է 35 մարդ։ Այս տվյալները հաստատել է երկրի առողջապահության նախարարությունը։










