Մեդվեդևը Յանուկովիչին կոչ է արել «փալաս» չդառնալ

14:17 • 20.02.14

Ռուսաստանը կշարունակի համագործակցել Ուկրաինայի հետ, եթե այդ երկրի իշխանությունը լեգիտիմ և արդյունավետ լինի. ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

 

«Ուկրաինայի իշխանությունները պետք է թույլ չտան, որ նրանց վրա ոտքեր սրբեն՝ ինչպես փալասի վրա»,-ասել է Մեդվեդևը։

 

Վարչապետը նշել է, որ իշխանությունները պետք է պաշտպանեն մարդկանց, պաշտպանեն իրավապահ մարմիններին, որոնք պաշտպանում են պետական շահերն ու նույն մարդկանց։

«Միայն այդ դեպքում է հնարավոր լիակատար տնտեսական համագործակցություն»,-ասել է Մեդվեդևը՝ կառավարության մյուս անդամներին խնդրելով հավատարիմ մնալ այդ դիրքորոշմանը։

 

Միևնույն ժամանակ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինային ֆինանսական օգնություն ցուցաբերելուց, սակայն նախ պետք է այնտեղ կարգավորվի իրավիճակը։