Օբաման Ուկրաինայի իշխանությանը կոչ է արել փողոցներից դուրս բերել հատուկջոկատայիններին

11:00 • 20.02.14

Ուկրաինայի կառավարությունը պետք է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկի երկրում բռնության դադարեցման համար. նման հայտարարություն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արել է Մեքսիկայի Տոլուկա քաղաքում՝ Մեքսիկայի և Կանադայի առաջնորդների հետ հանդիպումից հետո։

 

«Ուկրաինայի կառավարությունը գլխավոր մարմինն է, որը պետք է օժանդակի անհրաժեշտ պայմանների ստեղծմանը՝ բռնությունից խուսափելու համար»,-ասել է Օբաման։

 

Նրա կարծիքով՝ Կիևը պետք է աշխատի ընդդիմության հետ խաղաղ համաձայնություն ձեռք բերելու ուղղությամբ։

 

«Անհրաժեշտ է, որպեսզի քաղաքի փողոցներից դուրս գան հատուկջոկատայինները, իսկ իշխանությունները պետք է աշխատեն ընդդիմության հետ»,-ասել է Օբաման։

 

Նրա կարծիքով՝ դա կարևոր քայլ կդառնա «միջազգային հանրության կողմից աջակցություն ստանալու համար, որպեսզի ապահովվի անկախ նախագահական ընտրությունների անցկացումը հաջորդ տարի։ «Ուկրաինացիները հպարտ մարդիկ են և շատ կարևոր հարցեր են հաղթահարել։ Հուսով եմ, որ դա տեղի կունենա նաև հիմա»,-ասել է նա։

 

Մեկնաբանելով Յանուկովիչի կառավարության և ընդդիմության միջև հրադադարի հաստատումը՝ ԱՄՆ նախագահն ասել է, որ դա կարող է հնարավորություն ընձեռել հակամարտության լուծման համար։ «Մենք պատրաստ ենք անել հնարավորը՝ Ուկրաինային անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու և երկրում ժողովրդավարության հաստատման համար»,-ասել է Օբաման։