«Պրավիյ սեկտորը» հրաժարվել է պահպանել Ուկրաինայում զինադադարը

09:19 • 20.02.14

Ուկրաինացի ազգայնականների առաջնորդ Դմիտրի Յարոշը հայտարարել է, որ իր «Պրավիյ սեկտոր» կազմակերպությունը չի ստորագրել «ոչ մի համաձայնություն» և մտադիր չէ զինադադար պահպանել, հայտնում է gazeta.ru-ն:

 

«Ինչ-որ մեկն այնտեղ ցանկանում է կանգնեցնել ժողովրդական ապստամբությունը կեղծ զինադադար հայտարարելու ճանապարհով: Պաշտոնապես հայտարարում եմ՝ «Պրավիյ սեկտորը» չի ստորագրել ոչ մի համաձայնություն, ոչ մեկի հետ ոչ մի բանի մասին չի պայմանավորվել»,- գրել է Յարոշը Facebook-ի իր էջում:

 

Այդ առնչությամբ «Պրավիյ սեկտորի» առաջնորդը խոստացել է շարունակել «ապստամբած ժողովրդի» դիմադրությունը:

 

Չորեքշաբթի Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը և ընդդիմության առաջնորդներ Արսենիյ Յացենյուկը, Վլադիմիր Կլիչկոն և Օլեգ Տյագնիբոկը պայմանավորվել են զինադադարի և բանակցային գործընթացի սկսման մասին՝ արյունահեղությունը դադարեցնելու նպատակով: