Ուկրաինայի դեմ պատժամիջոցների սպառնալիքները միայն կբարդացնեն իրավիճակը. ՌԴ ԱԳՆ
Ուկրաինայի իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքները տեղին չեն, և կարող են միայն լրացուցիչ լարվածություն առաջացնել. ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, նման հայտարարություն է արել ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։
«Շարունակվում են դրսից միջամտելու հետևողական փորձերը։ Պատժամիջոցներով սպառնալով կամ այլ միջոցներով իրավիճակի վրա ազդելը տեղին չէ և ոչ մի լավ բանի հանգեցնել չի կարող, դա կարող է միայն խորացնել հակասությունը»,- հայտարարել է նա։
Կիևում զանգվածային անկարգությունները վերսկսվել էին երեքշաբթի՝ Գերագույն ռադայի նիստի օրը։ Ընդդիմությունը պահանջում էր վերադարձնել խորհրդարանա-նախագահական կառավարման ձևը և վերականգնել 2004թ.-ի Սահմանադրությունը։
Վերջին տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է 35 մարդ։










