Ցեղասպանությունից 100 տարի անց դեռ նոր պատմություններ են ի հայտ գալիս. Սերժ Սրապիոնյան

10:43 • 20.02.14

Թեև 1915թ-ի Հայոց ցեղասպանությունից անցել է մոտ մեկ դար, բայց մինչ օրս բազմաթիվ են այն մարդիկ, ովքեր իրենց ընտանիքի պատմությունն են մեզ գրում, ուղարկում, իսկ դրանք ցնցող պատմություններ են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ասաց Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը:


Նա նշեց, որ այսօր հատկապես Թալինի շրջանում եղեռնածին սերունդ է բնակվում, որոնց հետ իրենք աշխատում են, հավաքում նրանց պատմածները, անգամ նկարներ ստանում և այդ նյութերը տրամադրում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:


«Հիմա նախապատրաստվում ենք մի համաժողովի՝ եղեռնազարկված ժողովուրդների ներկայացուցիչների մասնակցությամբ, իսկ դրանք 28-ն են: Մենք նրանց հրավիրել ենք ու Երևանում մեծ համաժողով կանենք: ԵՊՀ-ի բանասիրության ֆակուլտետում ունենք Սփյուռքի ամբիոն և խնդրել ենք ամբիոնի վարիչին, որ բոլոր նյութերը՝ գրականության և պատմության հետ առնչվող, այս տարի նվիրեն Եղեռնի թեմային: Պետք է նշեմ, որ մեր երիտասարդները շատ ճկուն մտածողություն ունեն և այնքան տեղեկացված են, որ նրանց առաջադրած թեմաները շատ լուրջ հետաքրքրություն են ներկայացնում»,- ասաց նա:


Սերժ Սրապիոնյանն ընդգծեց, որ ներկայիս սերունդն այնպիսի կարևոր հարցադրումներ է անում այս ոլորտում, որոնց չեն անդրադարձել նախկին սերունդներն ու անգամ ցեղասպանագետները:


«Օրինակ՝ ուսանողներից մեկը մի աշխատություն էր գրել այն մասին, թե 1915 թ-ին ինչու հատկապես հայերի նկատմամբ կատարվեց ցեղասպանություն մի երկրում, որտեղ ապրում էին շուրջ 20 ազգեր: Նա շատ հետաքրքիր դատողություններ էր արել: Իրականում այսօր շատ լուրջ աշխատանքներ են արվում, բայց տեսնենք, թե ինչպես կկարողանանք դրանք բերել, հասցնել մի հանգուցակետի, որ աշխարհի ուշադրությունը գրավենք, քանի որ մեր նպատակը հենց դա է»,- ասաց նա:


Նա նշեց, որ առաջիկայում Բրյուսելում նախատեսվում է անցկացնել Ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնախմբերի նախագահների նիստ, որից հետո մայիսին տեղի կունենա մեծ համաժողով: Տարելիցի պատրաստման միջոցառումներին կներգրավվեն նաև լրագրողները: «Սեպտեմբերին լրագրողների հետ մեծ համաժողով է նախատեսված, որտեղ լրագրողները կվերապատրաստվեն Ցեղասպանության ճանաչման խնդիրների շուրջ»,- ասաց նա:


Հարցին, թե ինչպես է վերաբերվում տնտեսագետ, քաղաքական գործիչ Խաչատուր Սուքիասյանի այն առաջարկին, համաձայն որի Հայոց ցեղասպանության նախօրեին ՀՀ կառավարությունը, հասարակական-քաղաքական կազմակերպությունները, Սփյուռքում գործող մեր կառույցները պետք է հնչեցնեն համազգային կոչ` «Ամեն ընտանիքում մեկ նոր զավակ, մեկ նոր մանուկ», Սերժ Սրապիոնյանը պատասխանեց՝ ասելով, որ յուրաքանչյուր հայ ընտանիքի երեխա ունենալու առաջարկը շատ արդիական է և շատ տեղին, որովհետև նախարարությունն էլ առաջարկել էր, որ յուրաքանչյուր հայ ընտանիք երեքական երեխա ունենա:


«Անկեղծ եթե ասելու լինեմ, որքան ես ծանոթ եմ ժողովրդագրական ֆոնդին, մենք բավականին լուրջ խնդիր ունենք, ֆինանսի խնդիր պետք է լուծվի, որպեսզի խրախուսվի ծնելիությունը: Դեմոգրաֆիկ լուրջ խնդիր կա ազգի առջև դրված, և իհարկե, դա շատ լավ առաջարկ է: Խաչատուր Սուքիասյանը բավականին լուրջ անձնավորություն է, բայց ես կցանկանայի, որ այդ առաջարկներն ավելի իրական հողի վրա լինեին»,- ասաց նա։


Սերժ Սրապիոնյանը միաժամանակ ընդգծելով, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակը պետք է յուրաքանչյուր հայ մարդու խնդիրը դառնա, որովհետև այդ մարդկանց հանգստություն կբերի միայն ճանաչումը: