Կիևի Մայդանում ցուցարարները գերի են վերցրել հատուկջոկատայիններին. հաղորդվում է 35 զոհի մասին (ուղիղ, թարմացված)

11:42 • 20.02.14

14.00 Kyiv Post-ի լրագրողների տվյալներով՝ Կիևում զոհերի թիվը հասել է առնվազն 35-ի:

 


13.23  «Ուկրաինսկայա պրավդա»-ի հաղորդմամբ՝ 7 դի է ընկած Կիևի Անկախության մայդանում՝ «Կազացկի» հյուրանոցի մոտակայքում:

 

Ինչպես հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ի թղթակիցը, դիերը ծածկված են ծածկոցներով: Երևում է, որ նրանք միջին տարիքի տղամարդիկ են: Ինքնապաշտպանության ներկայացուցիչների խոսքերով՝ այս մարդկանց սպանել են ոստիկանական «դիպուկահարները»:

 

Reuters գործակալության համաձայն՝ զոհերի թիվն առնվազն 15 է։


12.21 Unian.net-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ակտիվիստները կրկին գրավել են Ուկրաինական տունը և շուրջը բարիկադներ կառուցել, որոշ ակտիվիստներ հետապնդում են փախչող ուժայիններին: Հաղորդվում է, որ «Բերկուտի» մի քանի աշխատակիցներ Կիևում գերի են վերցվել:

 

Անկախության մայդանում ակտիվիստները հարձակվել են ոստիկանության շարասյան վրա՝ հետ մղելով «Բերկուտի» հատուկջոկատայիններին և նրանցից մի քանիսին գերի վերցրել, գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով տեղական հեռուստատեսությանը: Անկախության մայդանի բեմից կոչեր են հնչում ամրացնել դիրքերը և չշարունակել հարձակումը, քանի որ նրանց կարծիքով՝ ուժայինները փորձ են կատարելու մասնատել մայդանը և հարձակում գործել նրանց վրա:

 

Առավոտյան հարձակումից հետո Մայդանում կան շատ վիրավորներ և զոհեր, հաղորդում է unian.net-ը: Reuters գործակալությունը հրապարակել է զոհերից մեկի լուսանկարը, որն արված է Անկախության մայդանում:

 На Майдане снова есть жертвы / REUTERS


11.58  Ուկրաինայի Գերագույն ռադայում շտապ տարհանում է հայտարարված: Interfax.ru-ի տեղեկություններով՝ պատգամավորները և աշխատակիցները լքում են խորհրդարանի շենքը:

 

unian.net-ը հաղորդում է, որ «Բերկուտ» հատուկ ջոկատի շրջանում խուճապ է, նրանք բղավում են, որ ցուցարարների մոտ մարտական փամփուշտներ են: Գերագույն ռադայի մոտ գտնվող «Բերկուտի» հատուկջոկատայինները հեռանում են: Հաղորդվում է, որ Ինստիտուտսկայա փողոցում կա մոտ 3 հազար ցուցարար:

 


11.42 Կիևում բախումները վերսկսվել են, վիրավորների թիվը շարունակում է աճել:

 

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ 20-ից ավելի իրավապահներ են վիրավորվել Կիևի Անկախության մայդանում դիպուկահարի կրակից, գրում է ria.ru-ն:

 

«Անկախության մայդանում ցուցարարները, հնարավոր է՝ կոնսերվատորիայի շենքից, բացահայտ հրազեն են օգտագործել զինվորականների և «Բերկուտի» նկատմամբ: Այժմ վիրավոր է 20-ից ավելի իրավապահ»,- նշված է հայտարարության մեջ:

 

Ավելի վաղ ՆԳՆ-ն հաղորդել էր կոնսերվատորիայի պատուհաններից դիպուկահարի կրակոցների հետևանքով չորս վիրավոր աշխատակցի մասին:

 

Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, Ուկրաինայի առողջապահության նախարարությունը թարմացրել է Կիևի կենտրոնում բախումների հետևանքով մահացածների և վիրավորների մասին տեղեկությունները: Նախարարության տեղեկություններով՝ անկարգությունների սկզբից ի վեր մահացել է 28 մարդ, 445 վիրավոր օգնության համար դիմել է բուժհաստատություններ: Հիվանդանոցներում է գտնվում 287 մարդ: