Կիևում դիպուկահարները կրակում են վիրավորներին տեղափոխող բժիշկների վրա. «Սվոբոդա»
Կիևում դիպուկահարները կրակում են բժիշկների վրա, որոնք Մայդանից վիրավորների են տանում: Ինչպես հաղորդել են УНИАН-ին «Սվոբոդա» համաուկրաինական միավորման մամուլի կենտրոնից, այդ մասին հայտարարել է «Սվոբոդա»-ից ժողովրդական պատգամավոր Յուրի Սիրոտյուկը:
Նրա խոսքով՝ ուժայինների կողմից հրազենի օգտագործման հետևանքով ցուցարարների շրջանում կան շատ վիրավորներ և սպանվածներ: Վիրավորներին տանում են «Ուկրաինա» հյուրանոց:
«Սրահն արդեն լցված է վիրավորներով: Չորս մարդ մահացել է գլխին և սրտին ստացած հրազենային վնասվածքներից»,- ասել է նա:
УНИАН-ի փոխանցմամբ՝ ակտիվիստներին կոչ են անում դուրս չգալ բարիկադների սահմաններից, քանի որ իրավապահները փորձում են թակարդ ստեղծել: «Ինստիտուտսկայայի բարիկադներից այն կողմ կրակում են մարդկանց վրա»,- ասել է Մայդանի համակարգողը:
LB.ua-ի հաղորդմամբ՝ Մայդանի բեմից հնչել է, որ Ժողովրդական ռադան որոշում է կայացրել պատասխանատվությունից ազատել ներքին զորքերի այն աշխատակիցներին, որոնք կորոշեն անցնել ժողովրդի կողմը:
Միևնույն ժամանակ Espresso.TV-ն հաղորդում է, որ զինվորականներով 40 վագոն է շարժվում դեպի Կիև:
Reuters գործակալությունը հաղորդում է առնվազն 15 զոհի մասին:










