Տիմոշենկոն կոչ է արել ոչ թե բանակցել Յանուկովիչի հետ, այլ դատել նրան Հաագայում

10:15 • 20.02.14

Ուկրաինայի նախկին, ազատազրկված վարչապետ Յուլյա Տիմոշենկոն ընդդիմությանը կոչ է արել համաձայնության չգալ իշխանության հետ, հայտնում է Korrespondent-ը:



Տիմոշենկոն ասել է, որ այժմ Յանուկովիչը բարոյական պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր սպանված կամ հաշմված մարդու համար, իսկ ժամանակի հետ նաև քրեական պատասխանատվություն կկրի:

 

Նա նկատել է, թե մարդկանց մահվանն են հանգեցրել ոչ միայն Յանուկովիչի այլասերված ամբիցիաները, այլ դիկտատուրայի հետ անհեռանկար բանակցությունները: Նա արձանագրել է, որ դրանց արդյունքում Յանուկովիչը ժողովրդավար մարդու չի վերածվելու, այլ միայն ժամանակ է շահելու իր համար` ավելի շատ արյան հաշվին:

 

Ըստ Տիմոշենկոյի` այժմ զիջելու դեպքում «պատերազմը կվերսկսվի 2015-ին` ընտրակեղծիքների տեսքով, և էլ ավելի կոշտ կլինի»:


Տիմոշենկոն կոչ է արել ուկրաինական մտավորականությանն ու առաջնորդներին գործել ու եվրոպացի առաջնորդներին համոզել Հաագայի դատարանում դատավարություն սկսել Յանուկովիչի դեմ և այդ կերպ առնել «ահաբեկության» դեմը, ինչպես նա բնորոշել է ներկայում Ուկրաինայում կատարվողը: Նա կարևորել է նաև Յանուկովիչի ընտանիքի դեմ անհատական պատժամիջոցները, սակայն վստահ չէ, թե դրանք օգուտ կտան: