Սիրիան և Ուկրաինան «շախմատի տախտակ» չեն ԱՄՆ-ի և Ռուսաստանի համար. Օբամա
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման չի կարծում, որ Ուկրաինայի և Սիրիայի ճգնաժամային իրավիճակի կարգավորումն ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններում տարաձայնություններ է առաջացրել, տեղեկացնում է gazeta.ru-ն։
«ԱՄՆ-ն չի քննարկում դժվարագույն իրավիճակը՝ որպես «սառը պատերազմի» ժամանակների շախմատի տախտակ, որտեղ մենք մրցում ենք Ռուսաստանի հետ»,-ասել է նա։
Մեկնաբանելով իրավիճակն Ուկրաինայում՝ Օբաման նշել է, որ Վիկտոր Յանուկովիչի վարչակազմը պետք է միացյալ կառավարություն ձևավորի և ազատ ընտրություններ անցկացնի։
«Հրադադարն Ուկրաինայում կարող է պահպանվել, սակայն կառավարությունը պետք է առաջ շարժվի՝ նոր կառավարություն ձևավորելու և ազատ ընտրություններ անցկացնելու համար»,- հայտարարել է նախագահը։
ԱՄՆ իշխանությունները երեկ վիզային պատժամիջոցներ են սահմանել ուկրաինացի 20 պաշտոնյաների հանդեպ, որոնք ամերիկյան իշխանությունների կողմից մեղադրվում են մարդու իրավունքների խախտումների և քաղաքական ճնշումների համար։










