4 խմբակցությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ Վ. Օսկանյանը, համաձայնել են ԱԺ օրակարգ մտցնել «Մարտի 1-ի» հանձնաժողովի հարցը
Այսօր հերթական անգամ Ազգային ժողովում հավաքվել էին 4 ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները՝ քննարկելու համագործակցության հերթական օրակարգը։ Թե ինչ համաձայնության են եկել՝ կարճ ներկայացրեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա հայտարարեց, թե ՀԱԿ-ը նախաձեռնել է «Մարտի 1-ի» հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծել և այդ հարցում ստացել է գործընկերների՝ «Ժառանգության», «Բարգավաճ Հայաստանի» և «Հայ Յեղափոխական Դաշնակցության» աջակցությունը։
Ի դեպ, նշենք, որ այսօր քննարկմանը ԲՀԿ-ից ներկա էր նաև 2008թ. մարտի մեկի դեպքերի ժամանակ ՀՀ նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը։ Նա փաստորեն նույնպես տվել էր իր համաձայնությունը «Մարտի 1-ի» հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծմանը։
«Մենք ներկայացրել ենք այդ ստեղծման մասին նախագիծը, տեղյակ ենք պահել մեր գործընկերներին, որ այս ձևաչափում նախաձեռնելու ենք ստորագրահավաք, որպեսզի առաջիկա քառօրյայում արտահերթ քննարկման կարգավիճակով մտնի նստաշրջանի օրակարգ»,-հայտարարեց ՀԱԿ պատգամավորը՝ ավելացնելով, որ նախագիծը պատրաստ է։
Լևոն Զուրաբյանը նշեց, որ իրենք շարունակում են մնալ պահանջատեր «Մարտի 1-ի» սպանությունները բացահայտման համար։ «Հիմա տեսեք Ուկրաինայում ինչ է կատարվում։ Ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը որևէ իշխանության կողմից՝ հանցագործություն է, և պետք է մեղավորները պատժվեն։ Բնական է, որ մեր մարտիմեկյան հանրահավաքից առաջ և տարելիցից առաջ, ցանկանում ենք ևս մեկ անգամ մեր հանրությանը և միջազգային հանրությանը ցույց տալ, որ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի սպանությունները բացահայտվեն»,-նշեց նա։
Հարցին, թե իրենց համար կանխատեսելի չէ՞ շարունակությունը, որ մեծամասնությունը հերթական անգամ կմերժի նախաձեռնությունը, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Մենք դնում ենք հարցը, կարող են այս անգամ էլ մերժել։ Մի անգամ համաձայնվեցին, բայց հետո խաբեցին, կարող են այս անգամ էլ մերժել, բայց մենք միևնույնն է՝ այս հարցում հետևողական ենք լինելու և մի օր հասնելու ենք հաջողության։ Եթե իրենք մերժում են, հերթական անգամ ցույց են տալիս, որ սպանությունների պարտակման պատասխանատուն իրենք են»,-նշեց ՀԱԿ պատգամավորը։










