Բաքվում ծեծել են «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի թղթակցին

10:00 • 21.02.14

«Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ղեկավարությունն անհանգստություն է հայտնել Բաքվում իր թղթակցին ծեծելու առնչությամբ։

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az լրատվական կայքը, երեկ ուսանողների կազմակերպած բողոքի ակցիայի ընթացքում ծեծել են «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի թղթակից Թափդըգ Ֆարհադօղլուին։

 

Բաքվի պետական համալսարանի անվտանգության ծառայությունը երեկ չափազանց դաժան է վարվել լրագրողների հետ, որոնք լուսաբանել են ուսանողների ակցիան։

 

Անվտանգության ծառայությունը փորձել է ցրել ցուցարարներին և լրագրողներին։ Նրանք փորձել են խոչընդոտել լրագրողներին՝ ֆիքսել այն, ինչ տեղի էր ունենում այդ պահին։

 

Նրանք ֆիզիկական ուժ և հոգեբանական ճնշում են գործադրել և չեն թողել լրագրողներին զրուցել ցուցարար ուսանողների հետ։

 

Այդ ամենն անձամբ ղեկավարել է համալսարանի անվտանգության ղեկավարը։ Նա անձամբ է կոտրել տեսախցիկները, բղավել և ծեծել լրագրողներին, իսկ ոստիկանությունը հանգիստ հետևել է տեղի ունեցողին։ Ընդհանուր առմամբ, տուժել է տարբեր լրատվամիջոցների 20 ներկայացուցիչ։