Ուկրաինան հրաժարվել է ռուսական վարկ ստանալու համար 2 միլիարդի եվրաբոնդերի թողարկումից

12:14 • 21.02.14

Ուկրաինան հրաժարվել է 2 միլիարդ դոլարի եվրաբոնդերի թողարկումից, որոնք ավելի վաղ պատրաստվում էին տեղակայել Իռլանդական ֆոնդային բորսայում՝ ռուսական վարկի հերթական տրանշը ստանալու նպատակով: Եվրաբոնդերը դուրս են մնացել բորսայի պաշտոնական լիսթինգից երկրում քաղաքական իրավիճակի սրացումից անմիջապես հետո: Այդ մասին ասվում է բորսայի հրապարակած հաղորդագրությունում, գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:

 

Փետրվարի 17-ին՝ երկուշաբթի օրը, Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է գնել ուկրաինական եվրաբոնդերն արդեն ընթացիկ շաբաթվա վերջին:

 

Արդեն չորեքշաբթի օրը՝ փետրվարի 19-ին, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դեռ ուկրաինական արժեթղթերի գնման հարցը բաց է մնում՝ Ուկրաինայում ներքաղաքական իրավիճակի սրման և երկրում բռնության աճի առնչությամբ: Միևնույն օրը ֆոնդային բորսան հաղորդել է, որ փետրվարի 17-ի որոշումը եվրաբոնդերի՝ լիսթինգ ներառման մասին սխալ է եղել, և չեղյալ է հայտարարել լիսթինգը և վաճառքին թույլտվությունը: