Մի փնտրեք՝ ով է դեմ, այս օրենքին դեմ է երկրի 99 %-ը. Դ!ԵՄ ԵՄ-ի երթն ավարտվեց երգ ու պարով (լուսանկարներ, տեսանյութ)

18:54 • 21.02.14

21.59


Պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության Լուսավորման երթ հասավ Ազատության հրապարակ, որտեղ մանակիցները հաղթանակի և միասնության կոչերով, երգ ու պարով ամփոփեցին իրենց ակցիան:

 

Նախաձեռնության անդամներից Դավիթ Խաժակյանն իր խոսքն ուղղելով իշխանություններին՝ հայտարարեց. «Մի փնտրեք մեր մեջ, թե ով է դեմ: Այս օրենքին դեմ է երկրի 99 տոկոսը»:

 

Երթի մասնակիցները քաղաքացիներին կոչ արեցին որևէ կերպ չընտրել ֆոնդեր, իսկ գործատուներին՝ ֆոնդերին գումարներ չփոխանցել:

 

Անդրադառնալով Մետրոպոլիտենի աշխատակիցներին աշխատանքից ազատելու հարցին, ներկաները հայտարարեցին, որ նրանց աշխատանքից հեռացնողները միանշանակ պատժվելու են:

 

Tert.am-ի հետ զրույցում «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը, ամփոփելով երթի արդյունքները, նշեց, որ դրանք միայն դրական էին, քանի որ մինչև երթի ավարտին իրենց էին միացել արդեն բազմաթիվ քաղաքացիներ, ինչը ենթադրում է, որ շարժումը միանշանակ «ձնագնդիկի էֆֆեկտ» կստանա:

 

Նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ իրենց հետագա քայլերի մասին անպայման կտեղեկացնեն բոլորին, իսկ առաջիկայում կանցկացնեն հերթական քննարկումը Մաշտոցի պուրակում:
 


20.34

Պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության Լուսավորման երթի մասնակիցները Հանրապետության Հրապարակում մեկ րոպե լռությամբ հարգեցին ուկրաինական «Եվրամայդանի» զոհերի հիշատակը: Այնուհետև ներկաները շրջվեցին դեպի Կառավարության շենք և սկսեցին վանկարկել՝ ա-մոթ, ա-մոթ:

 

Երթը Նալբանդյան փողոցով շարժվում է դեպի Ազատության Հրապարակ: 


20.04

Պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության Լուսավորման երթը հասել է Ամիրյան փողոց: Մասնակիցները կշարժվեն Հանրապետության Հրապարակի ուղղությամբ՝ այնուհետև՝ Ազատության հրապարակ: Երթը «ձնագնդիկի էֆֆեկտ» է ստանում. մասնակիցներին են միանում մայթերում կանգնած մարդիկ և նրանց հետ քայլում նախանշված երթուղով: 

 

Երթի մասնակիցներին ողջունում են հարևան շենքերի պատշգամբներից, ինչպես նաև անցնող մեքենաները՝ ձայնային ազդանշաններով:

 

19.37

Պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության կազմակերպիչները բարձրախոսով հայտարարում են, թե արդեն որերորդ շաբաթն է, ինչ աշխատողներին ճնշում են և պարտադրում, որ ֆոնդեր ընտրեն։ «Չենք հանդուրժելու նման քայլեր։ Հայտարարում են, որ չնայած 80%-ը դեմ է, բայց պարտադրում են։ Մեր հայրենակիցներին կոչ ենք անում միանալ պայքարին։ Մեր պայքարը շարունակվելու է»,-հայտարարում են կազմակերպիչները և միահամուռ հնչեցնում կոչեր՝ «Մի-ա-ցեք, մի-ա-ցեք»։


Երթն ուղեկցվում է թմբուկների զարկով և մասնակիցների ակտիվ վանկարկումներով «Դեմ ենք, դեմ ենք»։


 



 

19.09

 

Պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության Լուսավորության երթը մեկնարկեց Մատենադարանի դիմացից: Մասնակիցները շարժվեցին «Հաղթանակ», «Մենք ենք տերը մեր երկրի», «Դեմ ենք» կոչերով, շատերը նաև երգում են ազգային ազատագրական երգեր։

 

18.54 

Պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը պատրաստվում է Լուսավորության երթի. մասնակիցները լապտերներով, լուսարձակող սարքերով կշարժվեն Մատենադարան-Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Սայաթ Նովա փողոց-Ազատության Հրապարակ երթուղով:

 

Երթի նախաձեռնության անդամներից Հայկ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ետ դարձի ճանապարհ չկա, և իրենք համոզված են, որ հաղթելու են: Նա նաև երթին միանալու կոչ է արել. «ԿՈՉ արեք բոլորին՝ ձեր ընկերներին, հարազատներին, բարեկամներին, որ միավորվենք, դառնանք ՄԻ ՀԶՈՐ ՈՒԺ ու պայքարին ավելի՛ ՄԵԾ ԹԱՓ հաղորդենք: Ժողովրդից շատ շատերը լսելով՝ ուրախանում են մեր պայքարով, իսկ հետո ասում. «հա լավ եք անում», բայց երբեք ոչ մի բան չեն ուզում անել: Այս ընթացքում մարդկանց մտածողությունն էլ պիտի փոխվի, քանի որ եթե իրենք հասկանան, գիտակցեն, ընդունեն իրենց որպես այս երկրի տեր, ապա չեն կարող ուղղակի չգալ, չբողոքել, չբարձրաձայնել իրենց դժգոհությունը: Որոշ մարդկանց ԲՌՆԻ ՈՒԺՈՎ տարան ֆոնդեր ընտրելու, այսինքն՝ իրենց ապագայի վրա մի բիծ քաշելու և ինչ-ինչ պատճառներով դա չկանգնեցվեց»:

 

Իսկ երթի նպատակների մասին նախաձեռնողները հայտարարության մեջ գրել են.

 

«1. Եվս մեկ անգամ բարձրացնել մեր բողոքի ձայնը ընդդեմ կուտակային թալանին և ցույց տալ մինչև հաղթանակ պայքարելու մեր վճռականությունը,

 

2. Կոչ անել մեր հայրենակիցներին հետևել Ատոմակայանի աշխատակիցների, երկաթուղայինների, մետրոպոլիտենի, էլեկտրացանցերի, Օպերայի աշխատակիցների օրինակին և ինքնակազմակերպվել, լինել միասնական ու պայքարել իրենց իրավունքների համար: Ցույց տանք լուսավոր ճանապարհը դեռևս ինքնակազմակերպում չսկսած մեր համաքաղաքացիներին»: