Կիևում բախումների ժամանակ մահացել է 80 մարդ. Ուկրաինայի ՆԳՆ

14:50 • 21.02.14

Կիևի կենտրոնում վերջին օրերին բախումների և կրակոցների հետևանքով զոհվել է 80 մարդ: Այդ մասին Ուկրաինայի ժողովրդին ուղղված ուղերձում հայտնել է երկրի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Վիտալի Զախարչենկոն, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Զախարչենկոն հայտարարել է, որ Կիևի փողոցներում բախումներն ու մարդկանց մահը «խելացի քարոզչության» հետևանք են:

«Երբ ասում են, որ մի կողմից մահացել է 13 մարդ, իսկ մյուս կողմից՝ 67, ինձ համար դա տարօրինակ է հնչում, չէ՞ որ  մահացել են 80 մեր քաղաքացիներ: Ուկրաինացիներ, որոնց շփոթեցնում են խելացի քարոզչությամբ»,- հայտարարել է Զախարչենկոն:

 

Մինչև վերջ չհասկանալով պետությունում այժմ տեղի ունեցող գործընթացների էությունը՝ մարդիկ, ըստ նրա, շրջաններում արգելափակում են պետական հաստատություններ և ոստիկանական բաժանմունքներ։

«Բայց ո՞ւմ են նրանք պաշտպանում: Մի խումբ ծայրահեղականների՞, որոնց հարկավոր չէ պետությունում խաղաղություն: Թե՞ նրանց տիկնիկավարներին, որոնք գործում են Սիրիայի, Եգիպտոսի և այլ երկրների սցենարով, որոնք փաստացիորեն այսօր քաոսի մեջ են»,- հայտարարել է Զախարչենկոն: