Իրանական գազը խառնվում է ռուսականի հետ, արդյունքում գազի ջերմատվությունն ընկնում է. մասնագետ

17:28 • 21.02.14

«ՀայՌուսգազարդը» ոչ թե օդ կամ ազոտ խառնելով ցածրացնում է գազի կալորիականությունը, այլ իրանական գազը անկազմակերպ ձևով խառնում է ռուսական՝ ավելի բարձ կալորիականություն ունեցող գազին և արդյունքում գազի կալորիականությունը տատանվում է, իսկ սալօջախը չի կարողանում այդ տատանումների արդյունքով լիարժեք ջերմատվություն ապահովել։

Այսօր հրավիրված քննարկմանը նման եզրահանգման եկան մասնագետները՝ էներգետիկ Էմիլ Սահակյանը, «Հասարակական պաշտպաններ» միության տնօրեն Արամ Գրիգորյանը և գազի սպասարկման ոլորտում աշխատած Սիլվա Ադամյանը։


«Հայաստանում խախտված է գազի մատակարարումը թույլատրվելի պայմաններից և այրման համակարգը բոլորվին աչքաթող է արված»,-հայտարարեց էներգետիկ Էմիլ Սահակյանը։


Ըստ նրա, Հայաստան ներմուծվում է երկու տեսակի գազ, Ռուսաստանի գազի ջերմարագությունը 8500 կկալից ավելի է, իսկ իրանական գազինը՝ 8000 –ից ցածր է։


««ՀայՌուսագազարդը» խառնում է այս երկու գազը նույն խողովակի մեջ և ուղարկում սպառողին, իսկ նման խառնուրդի դեպքում սալօջախը չգիտի, թե գազը իրանակա՞ն է, ռուսակա՞ն, թե՝ խառնուրդ»,– ասաց նա։


«Յուրաքանչյուր սալիկ ունի իր պահանջները, թե քանի կալորիա գազի դեպքում կարող է աշխատել։ Կան ճապոնական, սլավոնական, չեխական սալիկներ։ Ցանկացած սալիկ, ինքը հաշվարկված է գազի որոշակի ջերմատվության համար, իսկ գազի այրման համար անհրաժեշտ է օդի քանակություն»,- ավելացրեց նա։


Մասնագետը նշեց, թե «ՀայՌուսգազարդը» կալորիականության հարցում չի խաբում։ «Իսկ եթե խաբում է, ապա խառնուրդի՝ հարցով, բայց չգիտակցված և հիմնական պատճառը սալիկներ են»,- ասաց նա։


Էմիլ Սահակյանը հավելեց, որ միայն գազի ջերմատվությունը չի կարևորը, այլ նաև թթվածնի համապատասխանությունը, նաև ճնշումը։ «Ռուսական և իրանական գազի տարբերությունը կալորիականությունն է, այսինքն՝ եթե կալորիականությունը ցածր է լինում, ավելի քիչ օդ է պետք, իսկ եթե խողովակն ավելի լայն է՝ օդը ավելին կլինի և ջերմությունը կնվազի»,- բացատրեց նա։


«Հասարակական պաշտպաններ» միության տնօրեն Արամ Գրիգորյանը մեկ այլ դիտարկում ուներ, ըստ նրա, նշված նորմը, թե ջերմարագությունը 7600 կկալից բարձր պետք է լինի՝ բացարձակ անգրագիտություն է և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը ստորագրելուց առաջ պայմանագիրը պետք է հարցներ, թե էս ինչ նորմ է սահմանվել։ «Այսինքն՝ ցանկացած գնորդ պետք է ասեր, որ իրենց սալիկները հնարավորություն ունեն այրել 8500 կկալ գազ կամ մեկ այլ չափ։ Սա կոչվում է տեխնիկական պայմաններ, ինչը հաշվի չի առնվել»,- ասաց նա։


Արամ Գրիգորյանն այստեղից էլ եզրակացրեց, որ Կառավարության առաջարկը հանձնաժողով ստեղծելու և կալորիականությունը ստուգելու համար բացարձակ անմտություն է, քանի որ կալորիականությունը, բնականաբար, 7600-ից պակաս չի կարող լինել և հետո էլ, ըստ նրա, հայտնի բան է, որ եթե հարցն ուզում են փակել, ուրեմն պետք է հանձնաժողով ստեղծեն։


Սիլվա Ադամյանն էլ ընդգծեց, որ սալիկների համապատասխանեցման հարցով պետք է զբաղվի գազի սպասարկման ծառայությունը, որի համար գազի սպառողներն ամեն ամիս գումար են վճարում և ոչինչ չեն ստանում դրա դիմաց։


«Մենք չգիտենք գումարը ինչի համար ենք տալիս։ Գրված է սպասարկման համար, տարին երկու անգամ մտնում են մեր տները ու ոչինչ չեն անում, իսկ մնացած բոլոր խնդիրների դեպքում արդեն վճարովի է,– ասաց նա և ավելացրեց,– Պարո՛ն Նազարյան, որ գնում եք ստորագրում, բա չե՞ք հարցնում, ի՞նչ սպասարկման մասին է խոսքը»։


Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե գազի հետ ազոտ են խառնում կամ օդ, ապա էներգետիկ Էմիլ Սահակյանն ասաց, որ դա տեսականորեն անհնար է, քանի որ նախ՝ 1խմ ազոտի գինը 150 դրամից ցածր չէ, իսկ օդի դեպքում դա լուրջ արկածախնդրություն կլինի, որովհետև պայթունավտանգ սահմանը սկսվում է 5-15% օդ խառնելով։


«Եթե չմտածող մարդ լինի, կարող է, բայց ես կարծում եմ, որ դա անիրագործելի է, դա լուրջ գործողություն է, չկա նման բա, և այս ուղղությամբ շեղվելը գավառամտություն է»,- ասաց նա։


Հարցին, թե հնարավո՞ր է, որ խոնավությունը բարձր լինի, մասնագետները նշեցին, թե չեն կարող ասել, իսկ Սիլվա Ադամյանը պնդեց, թե հնարավոր է, եթե պահուստային գազ է և հորերից է հանվում։ «Իսկ ձմռանը հիմնականում հորերից է հանվում և խոնավությունն ավելի բարձր է»,-ասաց նա։


Իսկ հարցին, թե գազի ճնշումը նորմային համապատասխանո՞ւմ է, թե՝ ոչ, մասնագետները պատասխանեցին, որ ոչ ոք չի կարող ասել։