Մայդանում վերջնագիր են ներկայացրել՝ Յանուկովիչի հրաժարականը՝ մինչ առավոտ
Անկախության մայդանում հավաքված մարդիկ սուլել են ընդդիմության առաջնորդներին, ովքեր եկել են հայտնելու Ուկրաինայի իշխանությունների հետ քաղաքական ճգնաժամի կարգավորմանն ուղղված համաձայնագիր ստորագրելու մասին:
Ինչպես հաղորդում է Украинская правда-ն՝ Մայդանի ցուցարարներից մեկն ընդհատել է Վիտալի Կլիչկոյի ելույթը՝ հայտարարելով, որ եթե նախագահ Յանուկովիչը մինչ փետրվարի 22-ի առավոտյան 10:00-ի դրությամբ հրաժարական չներկայացնի, մարդիկ կգնան զինված հարձակման:
Ցուցարարների մեծ մասը միացել է արված հայտարարությանը, իսկ այդ ընթացքում Մայդանի բեմի մոտ են բերվել Կիևում մահացած ակտիվիստների դագաղները:
Ավելի վաղ «Ավտոմայդան» շարժումը հայտարարել էր, որ չի ընդունի իշխանությունների հետ կնքված որևէ համաձայնագիր կամ պայմանավորվածություն, բացի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականից:
Украинская правда-ի փոխանցմամբ՝ «Ավտոմայդանի» համապատասխան հայտարարությունը տարածել է ակտիվիստ Սերգեյ Հաջինովը:
Ըստ ցուցարարների հայտարարության՝ նրանց պահանջները նույնն են մնում.
1. Իշխանության անհապաղ վերակազմավորում՝ Յանուկովիչի հրաժարականի և արտահերթ նախագահական ընտրությունների հետ մեկտեղ:
2. Պաշտոնանկ անել և պատժել հանցավոր հրամանների բոլոր կատարողներին՝ ուժայիններին, դատախազներին, դատավորներին, ոստիկանության տեսուչներին:
3. Բոլոր տուժածներին և զոհվածների ընտանիքներին օգնություն հատկացնելը:
4. ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելը՝ որպես երկրում ժողովրդավարության երաշխիք:
5. «Բերկուտ» անօրինական կազմավորման վերացումը:
Ինչպես հաղորդվում էր, երեք ընդդիմադիր կուսակցությունների նախագահներն ու նախագահ Յանուկովիչը համաձայնագիր են ստորագրել՝ ուղղված երկրում ներքաղաքական ճգնաժամի կարգավորմանը:










