Վանո Մերաբիշվիլին այլևս չի մասնակցի «ներկայացմանը». նա բոյկոտում է դատական նիստերը
Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին հայտարարել է դատական նիստերը բոյկոտելու որոշման մասին։ Մերաբիշվիլին հայտնել է, որ այլևս ներկա չի լինելու 2011թ.-ի մայիսի 26-ի գործով դատավարությանը, տեղեկացնում է Грузия online-ը։
Նրա խոսքով՝ ինքը համաձայնել էր մասնակցել այդ «ներկայացմանը» միայն այն պատճառով, որ տեսներ իր մերձավորներին և ընտանիքի անդամներին։
Մերաբիշվիլիի խոսքով՝ բանտում իր իրավունքները ոտնահարվում են, սակայն ինքը պայքարելու է իր իրավունքների համար։
«Արդեն 9 ամիս է՝ մենք ներկայացման մասնակիցներ ենք, որտեղ դատարանը, փաստաբանները, դատախազն ու ես՝ որպես մեղադրյալ, մեր դերերն ունենք։ Նրանք, ովքեր այս դահլիճում դերեր չունեն, իմ ընկերներն են ու իմ ընտանիքի անդամները»,-ասել է Մերաբիշվիլին։
Նա ընտանիքի անդամներին տեղեկացրել է, որ իրեն լավ է զգում այն խցում, որտեղ գտնվում է, և ներողություն է խնդրել բոլոր զրկանքների համար, որ կրում են նրանք։
Երբ Մերաբիշվիլին հեռացել է դատարանի դահլիճից, այնտեղ հավաքվածները ծափահարություններով են ուղեկցել նրան։
Հիշեցնենք, որ 2011թ.-ի մայիսի 26-ին Թբիլիսիի կենտրոնում բռնությամբ ցրել էին ընդդիմության հանրահավաքը։ Վանո Մերաբիշվիլին այդ ժամանակ ՆԳ նախարար էր։ Այժմ նրան մեղադրում են ծառայողական պարտականությունները չարաշահելու համար։










