Ուկրաինայի ռադայում կռիվ է տեղի ունեցել, մի քանի տասնյակ ուժայիններ մտել են շենք
Ուկրաինայի խորհրդարանում ուրբաթ պատգամավորների միջև կռիվ է սկսվել, հաղորդում է ria.ru-ն:
Երբ ռադայի խոսնակ Վլադիմիր Ռիբակը փորձել է նիստի ընդմիջում հայտարարել, խորհրդարանականները նետվել են ամբիոնի մոտ: Այնտեղ էլ տեղի է ունեցել իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև կռիվը: Ի պատասխան՝ Ռիբակը վստահեցրել է, որ խորհրդարանը կշարունակի աշխատանքն առանց ընդմիջման:
Lb.ua-ն հաղորդում է, որ ռադա էին ներս թողել ինքնաձիգներով ներքին զորքերի մի քանի տասնյակ մարտիկների, սակայն քիչ անց պատգամավորները նրանց դուրս են հանել: Այդ մասին հայտարարել է «Բատկիվշչինա» խմբակցության նախագահ Արսենի Յացենյուկը:
Նա կոչ է արել Ռիբակին ապահովել պատգամավորների անվտանգությունը: Փոխխոսնակ Ռուսլան Կոշուլինսկին, իր հերթին, հայտնել է, որ հանձնարարել է պարզել, թե ով է հրամայել ներս մտցնել ուժայինների:
Միևնույն ժամանակ Ներքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ ցուցարարները փորձել են ներխուժել ռադա, սակայն լրագրողներն այդ տեղեկությունը չեն հաստատում:










