Ռումինիան Ուկրաինայի վիրավոր ցուցարարներին փախստականի կարգավիճակ է տվել. Լեհաստանում կհարգեն զոհերի հիշատակը

16:14 • 21.02.14

Ռումինիան բուժման է ընդունել Ուկրաինայից վիրավոր ցուցարարների և նրանց փախստականի կարգավիճակ շնորհել: Այդ մասին հաղորդել է իրավապահ մարմինների հակաիրավական գործողությունների քննության հարցերով Գերագույն ռադայի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Գենադի Մոսկալը, գրում է korrespondent.net-ը:

 

Այդ կարգավիճակը, Մոսկալի խոսքով, թույլ կտա վիրավորներին ավարտել բուժումը, իսկ Ուկրաինայի ներկայիս ռեժիմի կողմից արտահանձնում պահանջելու դեպքում՝ մնալ Ռումինիայում և ապաստան ստանալ:

 

«Ուկրաինսկայա պրավդա»-ն հաղորդում է, որ Լեհաստանում կազմակերպվում է Ուկրաինայի հետ համերաշխության համաժողովրդական ակցիա: Համապատասխան կոչը Twitter-ում տարածել է անգամ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին: «Բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն Մայդանի և ողջ Ուկրաինայի իրադարձությունների հանդեպ, կոչ եմ անում մոմ վառել ուրբաթ օրը ժամը 20:00-ին: Ակցիան կոչվում է «Ուկրաինայի հետ համերաշխություն»,- գրել է նա:

 

Հաղորդվում է, որ Լեհաստանի ողջ տարածքում տեղի են ունենում Ուկրաինայի ժողովրդի հետ համերաշխության ակցիաներ: