Ուկրաինայի իրադարձությունների սցենարիստը Պուտինն է. Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայում տեղի ունեցող արյունալի իրադարձությունների սցենարիստը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն է։
Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, Սաակաշվիլին հայտարարել է, թե Պուտինը ցանկանում է նվաճել Ուկրաինան, ինչպես Վրաստանի դեպքում էր փորձում։
«Առաջին հերթին Ուկրաինայի կառավարությունը գործում է Վլադիմիր Պուտինի հրամանով. այլ տեսակետ այս հարցի առնչությամբ ես չունեմ։ Այս շաբաթ Պուտինը Յանուկովիչին 2 մլրդ դոլար տվեց, ինչը նշանակում է, որ նա գնեց արյունալի սցենարը կազմելու իրավունքը։ Ես լավ գիտեմ Պուտինին, և գիտեմ, թե նա մինչև ուր կարող է հասնել։ Ուկրաինայի իշխանությունները նրան են հանձնել որոշում կայացնելու իրավունքը»,- հայտարարել է Սաակաշվիլին։
Վրաստանի նախկին նախագահի խոսքով՝ Ռուսաստանը չի ցանկանում տեսնել առանց կոռուպցիայի, անօրինականության և բռնության Ուկրաինա։ Նրա խոսքով, երբ ռուսները տեսնեն Ուկրաինայի հաջողությունը, Պուտինի դեմ նույն սպառնալիքները կլինեն, ինչ Յանուկովիչի։










