«Դ!ԵՄ ԵՄ»-ը հեռացավ համաժողովից, մասնակիցները վերադարձան և շարունակեցին աշխատանքը (տեսանյութ, տարբերակ 3)
14.31
Կենսաթոշակային երրորդ միջազգային համաժողովն ընդհատվեց «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամների անակնկալ մուտքով: Համաժողովի մասնակիցները հեռացան դահլիճից, սակայն երբ «Դ!ԵՄ ԵՄ»-ի անդամները հեռացան դահլիճից, նրանք վերադարձան և շարունակեցին համաժողովը:
Իսկ մինչ այդ դահլիճում նախաձեռնության անդամները ներկաներին բացատրեցին, թե ինչու են տապալել համաժողովը: Նախ՝ նրա համար, որ իրենց տեղյակ չեն պահել համաժողովի անցկացման մասին, հետո արտահայտեցին իրենց կարծիքը:
«Հանրապետության 80%-ը դեմ է այս օրենքին, ես մեջբերում եմ հանրապետության Նախագահի խոսքը, արդյոք հնարավո՞ր է մի երկրում, որտեղ այդքան մարդ դեմ է այդ օրենքին, նման բան կիրառել: Նույնիսկ եթե հիանալի օրենք լինի, 80%-ը դեմ է այս օրենքին»,-հայտարարեց անդամներից մեկը:
Համաժողովի կազմակերպիչները, որոնք չէին ցանկանում ներկայանալ, փորձում էին նախաձեռնության անդամներին համոզել, որ օրենքն իրենց օգտին է, ինչը, սակայն, ընդունվեց բացասաբար։
Նշենք, որ համաժողովին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով նախաձեռնության անդամների այցից րոպեներ առաջ լքեց դահլիճը:
13.29
«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները խոսքի հնարավորություն խնդրեցին համաժողովի կազմակերպիչներից, սակայն վերջիններս պահանջեցին նստել և սպասել հարց ու պատասխանի ժամին: Նախաձեռնության անդամները չհամաձայնեցին:
Նրանք դժգոհում էին, թե ինչու հասարակությանը պատշաճ չի տեղեկացվել համաժողովի մասին և թե ինչու իրենց չեն հրավիրել, սակայն հարցերը մնացին անպատասխան:
Համաժողովի վարողը հայտարարեց, որ համաժողովը դադարեցվում է, սակայն «Դ!ԵՄ ԵՄ-ի» անդամների հեռանալուց հետո շարունակեցին համաժողովը:
Նախաձեռնության անդամները «ա-մոթ», «դեմ եմ» վանկարկումներով լքեցին դահլիճը:
Կենսաթոշակային երրորդ միջազգային համաժողովի ժամանակ այսօր «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամներն անակնկալ ներկայացան դահլիճ՝ խնդրելով պատասխանել իրենց մտահոգող մի շարք հարցերի: Սակայն կազմակերպիչները նրանց բռնի ուժով դուրս հանեցին դահլիճից:
Այս պահին նախաձեռնության անդամները դահլիճի դռան մոտ վանկարկում են «ա-մոթ», քանի որ իրենց թույլ չեն տալիս ներս մտնել:
Մանրամասների մասին կտեղեկացնենք շուտով:
Video streaming by Ustream










