Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտնել է Կիևում կրակոցների վերսկսման մասին (ուղիղ)
Կիևի կենտրոնում վերսկսվել են ցուցարարների և իրավապահների միջև բախումները. այս մասին հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը, գրում է lenta.ru-ն:
ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ ցուցարարները ժամը 10:15-ին (երևանյան ժամանակով 12.15-ին) կրակ են բացել Ինստիտուտսկայա փողոցում գտնվող գերատեսչության աշխատակիցների ուղղությամբ և փորձել են մոտենալ Գերագույն ռադայի շենքին, որտեղ տեղի է ունենում խորհրդարանի նիստը: Բախումների ընթացքում զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան:
Միևնույն ժամանակ lb.ua-ն գրում է, որ լրագրողներն այս տեղեկությունը դեռ չեն հաստատում և հիշեցնում է, որ երեկ ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն հայտնել էր խորհրդարանը ցուցարարների կողմից գրավելու մասին, սակայն գրոհի փորձ չէր եղել:
Ռադայի նիստի ընթացքում ուրբաթ առավոտյան խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Ռիբակը որոշում է ստորագրել հակաահաբեկչական գործողության ավարտի և զինվորականներին, ՆԳՆ աշխատակիցներին և հատուկ ծառայություններին հետ ուղարկելու մասին: Փաստաթուղթն արգելում է ուժայիններին Ուկրաինայի քաղաքացիների դեմ օգտագործել զենքի ցանկացած տեսակ և հատուկ միջոցներ: Որոշումն ուժի մեջ է մտել ստորագրման պահից:










