Իրավիճակն Ուկրաինայում բացասաբար կազդի Մաքսային միության հետ համագործակցության վրա. ԵՏՀ ներկայացուցիչ
Մաքսային միության բիզնեսի ուղղությունը կփոխվի, և դժվար կլինի համոզելը, որ վերադառնա Ուկրաինայի հետ համագործակցությանը։ Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնևը, հաղորդում է korrespondent.net-ը։
«Կարո՞ղ է ազդել, թե՞ չի կարող։ Միանշանակ կարող է ազդել։ Արդեն ազդել է։ Այն, ինչ այժմ տեղի է ունենում, ցավալի է, ողբերգական, և միաժամանակ օրինաչափ է, որ ազդի տնտեսական այն քաղաքականության վրա, որը վարում էր Ուկրաինայի ղեկավարությունը վերջին մի քանի տարիների ընթացքում»,-ասել է նա՝ ի պատասխան լրագրողների հարցին, թե Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները կազդե՞ն Մաքսային միության հետ փոխգործակցության վրա։
Անդրադառնալով առևտրային հարաբերություններին՝ Սլեպնևը նշել է, որ այստեղ էլ բացասական արձագանք կա։
Նրա խոսքով՝ ուկրաինացի գործընկերների հանդեպ վստահությունն առաջ էլ էր նվազել, իսկ այժմ «այն անհասկանալի իրավիճակում է»։
Ուկրաինայում այսօր տիրող իրավիճակը լուրջ մարտահրավեր է, որը կունենա երկարատև և ծանր հետևանքներ, որոնք հաղթահարելու համար Մաքսային միությունն ուկրաինացի գործընկերների հետ համատեղ մեծ ջանքեր պետք է ներդնի՝ փոխադարձ շահավետ համագործակցություն սկսելու համար։ Միևնույն ժամանակ, այդ համագործակցության ներուժը հսկայական է։










