Ինչպես մեր երկրի ընդերքի հետ ենք վարվում, այնպես էլ՝ մայրենի լեզվի. այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է
Ինչպես մեր երկրի ընդերքի, անտառների, ջրերի հետ ենք վարվում, այնպես էլ՝ մեր մայրենի լեզվի: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց գրող, հրապարակախոս, «9-րդ հրաշալիք» թերթի հիմնադիր Վաչագան Սարգսյանը: Նա միաժամանակ ընդգծեց, որ դեռևս արձակագիր Րաֆֆին իր ժամանակներում բողոքում էր հայ ժողովրդի՝ իր իսկ լեզվի նկատմամբ ունեցած վերաբերմունքից:
«Նա անցել էր ամբողջ Հայաստանը՝ ծայրից ծայր ու ասել, որ հայախոս մարդու չի հանդիպել. ժողովուրդը խոսել է կամ թուրքերեն, կամ քրդերեն: Նա վտանգ տեսնելով սկսեց պայքարել: Հետո եկան տիտաններ, որոնք կարողացան հայի բերանը հայերեն դնել: Այսօր մեր վերաբերմունքը լեզվի նկատմամբ մնացել է նույնը: Խնդիրն այն է, որ մեր ունեցածի նկատմամբ չկա այն գուրգուրանքը, սերը, պաշտպանելու ցանկությունը... անընդհատ սպառում ենք լեզուն, սպառում ենք գրական հայերենը»,- ասաց նա:
Վաչագան Սարգսյանը, թեև ընդգծեց, որ լեզուն կենդանի օրգանիզմ է և պետք է զարգանա, որոշակի տարրեր վերցնի բարբառներից ու խոսակցականից, բայց դա չի նշանակում, որ լեզուն պետք է կորցնի իր դեմքը:
Անդրադառնալով հարցին, թե երիտասարդությունը ինչպիսի հայերենով է խոսում, Վաչագան Սարգսյանն ընդգծեց, որ խոսում է գրեթե ժարգոնով, որի առաջին մեղավորներից են ավագ սերունդը և ԶԼՄ-ները:
«Խոսակցական լեզվի մեջ որևէ վատ բան չկա, բայց երիտասարդությունը սկսել է ժարգոնով խոսել, բայց, իհարկե, ոչ բոլորը: Սրանում էլ իրենց մեղքը ունեն մեծերը, մենք ստանում ենք այն, ինչ հրամցրել ենք: Եթե երիտասարդությունը վատ լեզվով է խոսում, դա մեծերի աշխատանքի արդյունքն է. ինչ տվել ենք, այն էլ ստանում ենք: Նաև եթե մենք ամբողջ օրը հեռուստատեսությամբ, համակարգչով և այլ միջոցներով, երեխաներին հրամցնում ենք գողական լեզուն ու ժարգոնը՝ ամենաստորին խավի լեզուն, հետո ինչո՞ւ ենք զարմանում, որ երիտասարդները սկսում են այդ լեզվով խոսել: Եթե դա ենք մատուցել, ի՞նչ պահանջենք»,- ասաց նա:
Հարցին, թե ինչպես անել, որպեսզի սերունդները ավելի ճիշտ ու մաքուր հայերենով սկսեն խոսել, Վաչագան Սարգսյանն ընդգծեց, որ յուրաքանչյուրն իր տեղում պետք է հայերենի քարոզչությունն անի:
«Դպրոցում երեխաներին պետք է սովորեցնենք չամաչել մաքուր հայերենով խոսելուց, պետք է արգելել գռեհիկ լեզվով սերիալների գոյությունը, քանի որ գռեհիկ խոսող մարդն ինքը գռեհիկ է դառնում: Յուրաքանչյուր ընտանիք իր երեխային պետք է դաստիարակի, բայց սրանք արդյունք չեն տա, եթե պետական մոտեցում չլինի խնդրին, այլապես արդյունքը կլինի այնպիսին, ինչպիսին ներկայումս է»,- ասաց նա:
Իր հերթին Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանն ընդգծեց, որ լեզվաշինության խնդիրները ցանկացած երկրի ուշադրության կենտրոնում են՝ այդ թվում նաև Հայաստանի, չնայած այստեղ առկա են մի շարք թերություններ։
«Մենք ավելի շատ ինչ-որ տեղ զարգացնում ենք, բայց լեզվաքաղաքականության հստակ ուղենիշներ չունենք։ Պետք է ունենանք առաջիկա, օրինակ՝ 10 տարիների համար ծրագիր, ցավոք, այսօր այդպիսի համապետական ծրագիր չունենք: 2002-2007թթ.-ին ենք ունեցել նման ծրագիր, և դրանից հետո այն չի շարունակվել, որպեսզի մարտահրավերների առաջն առնվեր»,- մեզ հետ զրույցում ասաց նա՝ հույս հայտնելով, որ առաջիկայում նման ծրագիր կլինի։
Վերջինս նաև նկատեց, որ այսօր անզեն աչքով էլ երևում է, որ հրապարակային գրվածքները միշտ չէ, որ մաքուր ու անաղարտ են։ Շատ դեպքում մայրենիի փոխարեն նախընտրում են օտար լեզվով գրություններ կատարել, օրինակ՝ բժշկական քննության արդյունքները բոլորը ստանում են ոչ հայերենով. «Սրանք գոյություն ունեցող այն անհրաժեշտ աշխատանքն է, որը պետք է վերահսկվի, բայց տուգանքը միշտ չէ, որ արդյունք է տալիս: Այսինքն՝ մենք նաև պետք է կարողանանք բացատրական աշխատանքներ տանել, քարոզչական աշխատանք, որպեսզի լեզուն պահպանվի շատ մաքուր»:
Լեզվի պետական տեսչության պետը նշեց, որ միայն նախորդ մեկ տարվա ընթացքում լեզվի մասին օրենքի պահանջները խախտելու համար 6 մլն դրամ տուգանք են պետական գանձարան մուծել։ «Տուգանվել է ավելի քան 70 տնտեսվարող սուբյեկտ և պատասխանատու անձ, որոնք իրենց ցուցանակները գրել են ոչ հայերենով, հիմնականում՝ լատինատառ։ Նրանք հարկ չեն համարում, որ իրենց ցուցանակը լինի հայերեն: Իսկ օրենքն ասում է, որ նրանում հայերենը պետք է գերակայի»,- ասաց նա։
Սերգո Երիցյանը նշեց, որ արևմտահայերենն այսօր հայտնվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դժվարություններ ունեցող կամ հնարավոր անհետացող լեզուների շարքում: «Այսինքն՝ մենք լեզվի մեր այդ ճյուղը պաշտպանելու խնդիր ունենք: Եվ անկասկած, ինքնիշխան և մայր Հայաստանն է, որը պետք է լինի մեր երկու լեզուների պահպանման հենքը, և եթե մենք չկարողանանք այդ և մնացած հնարավոր մարտահրավերների դեմ կանգնել, ապա կունենանք լեզվական ավելի մեծ դժվարություններ»,- ասաց նա:
Սերգո Երիցյանն անդրադարձավ նաև Մաքսային միությանն անդամակցելու դեպքում լեզվին հնարավոր վտանգ սպառնացող խնդրին. «Չեմ կարծում, որ որևէ մեկը ոտնձգություն կանի ՀՀ Սահմանադրության նկատմամբ, որտեղ պարզ գրված է, որ մեր երկրի պետական լեզուն հայերենն է: Կարծում եմ՝ Սահմանադրությունը մենք աչքի լույսի պես պետք է պահպանենք, առավել ևս, պետք է պահպանենք մեր լեզուն: Ես կարծում եմ, որ մենք և՛ խորհրդային տարիներին, և՛ առհասարակ պահպանել ենք մեր լեզուն, չեմ կարծում, որ կարող ենք 21-րդ դարում այնքան խոհեմ չլինել, որ չկարողանանք պահպանել»:










