Յանուկովիչի հետ 3 երկրների ԱԳ նախարարների 9-ժամյա բանակցություններն ավարտվել են. սպասվում է ևս մի հանդիպում
Կիևում փետրվարի 21-ի առավոտյան ավարտվել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության ներկայացուցիչների ու Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի արտգործնախարարների միջև հանդիպումը, գրում է lenta.ru-ն: Հանդիպումը տևել է ինը ժամ և ավարտվել է տեղի ժամանակով առավոտյան 7:30:
Գերմանիայի և Լեհաստանի արտգործնախարարներ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը և Ռադոսլավ Սիկորսկին ուրբաթ պատրաստվում են անցկացնել ևս մի հանդիպում Ուկրաինայի նախագահի հետ՝ երկրում ներքաղաքական ճգնաժամի կարգավորման խնդրով, գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:
Այդ մասին հայտարարել է Ուկրաինայում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Յան Տոմբինսկին բանակցությունների ավարտից հետո: Լեհաստանի և Գերմանիայի արտգործնախարարները նախագահի գրասենյակից դուրս գալուց հետո հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին:
«Բատկիվշչինա», «Սվոբոդա» և «ՈւԴԱՌ» խմբակցությունների ղեկավարներ Արսենի Յացենյուկը, Օլեգ Տյագնիբոկը և Վիտալի Կլիչկոն դուրս են եկել նախագահի գրասենյակից այլ մուտքով՝ լրագրողներին հնարավորություն չտալով իրենց հարցեր ուղղել:
Այդպիսով՝ Յանուկովիչի հետ հանդիպմանը մնացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից բանակցող Վլադիմիր Լուկինը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբովը և Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպան Ալան Ռեմին:










