Յանուկովիչի հետ բանակցություններում արդյունք դեռևս չկա. Պուտինի ներկայացուցիչը հրաժարվում է փաստաթղթեր ստորագրել
Ուկրաինայում ներքաղաքական իրավիճակի կարգավորման հարցով ԵՄ-ի, ուկրաինական ընդդիմության և իշխանությունների ներկայացուցիչների բանակցություններում արդյունքներ դեռևս չկան։ Ինչպես հայտնում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն, այդ մասին բանակցությունների երկրորդ օրվա արդյունքներով լրագրողներին հայտնել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին:
Գերմանիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարներ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը և Ռադոսլավ Սիկորսկին նախագահի գրասենյակը լքել են ուրբաթ՝ տեղական ժամանակով ժամը 13:30-ին, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ի թղթակիցը:
Հարցին, թե արդյոք կան որևէ պայմանավորվածություններ, Սիկորսկին պատասխանել է. «Ոչ, դեռ ոչ»:
Միևնույն ժամանակ, ռուսական «Ինտերֆաքս»-ի աղբյուրի փոխանցմամբ, Ռուսաստանի օմբուդսմեն Վլադիմիր Լուկինը՝ Պուտինի ներկայացուցիչը Կիևում, հրաժարվել է ստորագրել Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման մասին ամփոփիչ փաստաթուղթը:
Պաշտոնապես այդ տեղեկությունը գործակալությունը չի կարողացել հաստատել:










