Վահե Ավետյանի իրավահաջորդի և տուժողների ներկայացուցիչները շուրջ 300 միլիոն դրամ փոխհատուցում են պահանջում
«Հարսնաքարի» գործով Վ. Ավետյանի իրավահաջորդի և տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը քրեական դատավարության շրջանակներում քաղաքացիական հայց է ներկայացրել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով նյութական և բարոյական վնասի փոխհատուցում՝ 297 մլն 51 հազար 33 ՀՀ դրամ:
«Բարոյական վնասի փոխհատուցումը պահանջել ենք Վահե Ավետյանի ընտանիքի բոլոր անդամների , ինչպես նաև մյուս տուժողների համար՝ Արտակ Բայադյանի, Էդգար Նիկոյանի, Գարիկ Սողոմոնյանի և Արկադի Աղաջանյանի համար։ Իսկ նյութական վնասի փոխհատուցում պահանջել ենք Վահե Ավետյանի երկու անչափահաս երեխաների համար և նրանց խնամող Վահե Ավետյանի կնոջ համար»,- Tert.am-ին ասաց փաստաբանը։
Տիգրան Եգորյանը նշեց, որ քաղաքացիական հայցը ապահովելու համար միջնորդություն է ներկայացրել և պահանջել հայցագնի չափով արգելանք դնել համապարտության կարգով պատասխանողների գույքի վրա, իսկ պատասխանողներ են գործով անցնող բոլոր ամբաստանյալները, «Դավիթ ԴՎՍ» ՍՊԸ-ն և «Հարսնաքար»–ի սեփականտեր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը։
Քաղաքացիական հայցի մասին պաշտպանական կողմը դիրքորոշում կհայտնի հաջորդ դատական նիստին՝ մարտի 12-ին։
«Դատարանը փաստորեն խախտելով քրեական դատավարության կարգը այս պահի դրությամբ քաղաքացիական հայցը չի ընդունել վարույթ։ Նիստը հետաձգել է, որպեսզի որոշում կայացնի, թե արդյոք վերահսկում է դատաքննությունը, թե ոչ»,-նշեց փաստաբանը։










