Իսլանդիայի կառավարությունը հրաժարվել է ԵՄ մտնելու պլաններից

13:39 • 22.02.14

Իսլանդիայի կառավարությունը հավանություն է տվել երկրի արտգործնախարարի առաջարկին՝ վերջնականապես հրաժարվել Եվրամիությանը միանալու պլաններից, գրում է ИТАР-ТАСС-ը:

 

Ինչպես հաղորդում է Իսլանդական պետական հեռուստառադիոհեռարձակող ընկերությունը, նախաձեռնությունը հավանության է արժանացել իշխող կոալիցիայի անդամների մեծ մասի կողմից: Որոշում է կայացվել նաև հրաժարվել կառավարության կողմից խոստացված հանրաքվեից՝ հարցի շուրջ, թե արդյոք հարկավոր է, որ պետությունը շարունակի ԵՄ-ի հետ բանակցությունները:

 

Այդ որոշումն անսպասելի չէր: Իսլանդիայի և Եվրամիության միջև բանակցությունները սառեցվել էին ավելի քան մեկ տարի առաջ: Ապրիլին իշխանության եկած կառավարությունը բացահայտորեն հայտարարել էր, որ չի աջակցում Եվրամիությանն անդամակցելու նախագծին, որը փորձում էին իրականացնել նախորդները՝ սոցիալիստները:

 

Մասնագետները նշում են, որ ներկայում եվրաինտեգրումը շահավետ չէ երկրի համար և կարող է ուժեղ հարված հասցնել իսլանդական ձկնորսական ոլորտին և ֆերմերային տնտեսություններին:

 

Հասարակական կարծիքի հարցումների համաձայն՝ Իսլանդիայի 320-հազարանոց բնակչության 60 տոկոսից ավելին դեմ է եվրաինտեգրմանը: