2014-ին Իրանում արդեն առնվազն 85 մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿ
Այս տարվա ընթացքում Իրանում արդեն 80-ից 95 մարդ է մահապատժի ենթարկվել՝ համաձայն Միավորված ազգերի կազմակերպության տվյալների, հաղորդում է Reuters-ը:
Սեպտեմբերին տասնյակ քաղբանտարկյալներ ազատ էին արձակվել՝ հույս արթնացնելով, որ նախագահ Հասան Ռոուհանիի նախագահության օրոք կբարելավվի երկրում մարդու իրավունքների վիճակը, որը երկրորդ տեղն է զբաղեցնում Չինաստանից հետո մահապատիժն ամենահաճախակի կիրառող պետությունների ցանկում (ըստ Amnesty International-ի)։
«Անցած տարի հուսադրող նշաններ կային, երբ ազատ արձակվեցին քաղբանտարկյալները… Բայց առնվազն վերջին յոթ շաբաթների ընթացքում մահապատիժների թիվն ավելացել է»,- ասել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով խոսնակ Ռավինա Շամդասանին:
Անցած տարի Իրանում մահապատժի է ենթարկվել 500-ից 625 մարդ, այդ թվում՝ առնվազն 28 կին և երկու անչափահաս:
Շամդասանին հավելել է, որ այս տարի մի քանիսը մահապատժի են ենթարկվել գաղտնի և առնվազն յոթ հոգի մահապատժի է ենթարկվել հրապարակայնորեն:










