Նյու Յորքի ոստիկանությանը թույլ են տվել լրտեսել մուսուլմաններին
ԱՄՆ դաշնային դատարանը մերժել է Նյու Յորքի ոստիկանության վարչության դեմ մուսուլման ակտիվիստների հայցը և որոշում կայացրել, որ գաղտնի գործողությունները, որոնց ընթացքում իրավապահներն այցելում են քաղաքային մզկիթներ և լրտեսում են դրանց այցելուներին, չեն հակասում երկրի սահմանադրությանը:
Դատավոր Ուիլյամ Մարտինին 10-էջանոց որոշման մեջ մերժել է տեղական մուսուլման ակտիվիստների խմբի, ինչպես նաև երկու մուսուլմանական կազմակերպությունների, մուսուլմանների ղեկավարած երկու ձեռնարկությունների և Ռատգերսի համալսարանի մուսուլման ուսանողների ասոցիացիայի հայցն ընդդեմ Նյու Յորքի ոստիկանության, գրում է rt.com-ը՝ հղում անելով Associated Press-ին:
Հայցվորները համոզված են, որ իրավապահների գործողությունները խախտում են ԱՄՆ սահմանադրությունը, քանի որ լրտեսման ենթակա անձինք ընտրվում են բացառապես նրանց կրոնի հիման վրա:
Դատավորի որոշման համաձայն՝ լրտեսման ծրագիրը ոչ մի վնաս չի հասցրել հայցվորներին և չի խախտել իրենց կրոնի ազատության սահմանադրական իրավունքը:










