Յուլյա Տիմոշենկոն ազատ է արձակվել (ուղիղ, տարբերակ 8)

12:15 • 22.02.14

16:29 Ուկրաինայի նախկին վարչապետ, ազատազրկված Յուլյա Տիմոշենկոն ազատ է արձակվել Խարկովի գաղութից, հայտնում է Russia Today-ը:

Մոտ մեկ ժամ առաջ Ուկրաինայի Գերագույն ռադայի նորընտիր խոսնակը` Տիմոշենկոյի աջ ձեռք Ալեքսանդր Տուրչինովն ասել էր, որ Տիմոշենկոյին վտանգ է սպառնում, ուստի նրան պետք է շուտափույթ ազատ արձակել:


16:18 Ուկրաինայի Գերագույն ռադան որոշում է կայացրել կատարել միջազգային պարտավորությունները, որոնք վերաբերում են նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ազատ արձակմանը, հայտնում է «Դոժդ» հ/ը-ն:


Այս որոշմանը կողմ է քվեարկել նիստին գրանցված 331 պատգամավորից 322-ը:


Նիստից առաջ նորընտիր խոսնակ Ալեքսանդր Տուրչինովն ասել էր, որ Տիմոշենկոյին վտանգ է սպառնում, ուստի նրան պետք է շուտափույթ ազատ արձակել:


Ազատություն ռադիոկայանի ռուսալեզու ծառայությունը հայտնում է, որ Խարկովում` այն հիվանդանոցում, որտեղ գտնվում է Տիմոշենկոն, նրա մի քանի տասնյակ համակիր է հավաքվել: Սպասվում է, որ առաջիկա մեկ ժամում նա ազատ կարձակվի:


16:07 Ուկրաինայի Գերագույն ռադայի ընդդիմադիր պատգամավոր Արսեն Ավագովը ընտրվել է այդ երկրի ներքին գործերի նախարար, հայտնում է BBC-ն: Նա ժամանակավոր պաշտոնակատար է:

Նրան ընտրել է Ռադան իր այժմ ընթացող նիստի ժամանակ, որտեղ մի շարք կարևորագույն հարցեր են որոշվում. մասնավորապես վերականգնվել է Ուկրաինայի 2004-ի Սահմանադրությունը:


Ավագովը հայ է, ծնվել է Բաքվում, 50 տարեկան է: Նա վերջին ամիսներին առավել ակտիվ էր հանդես գալիս Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների ֆոնին:

Նրա Facebook-ի էջում արդեն իսկ կարծիքներ են հրապարակվում, որ նրա ընտրությունը ադեկվատ էր կամ նրան էր պետք խոսնակ ընտրել:


14.46  Ուկրաինայի Գերագույն ռադայի նոր խոսնակ է ընտրվել Ալեքսանդր Տուրչինովը։ Նրա օգտին քվեարկել է 288 պատգամավոր, հաղորդում է lenta.ru-ն։

 

Հաղորդվում է, որ նա համարվում է նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «աջ ձեռքը»։ 2005 թվականի նախագահական ընտրություններում Վիկտոր Յուշչենկոյի հաղթանակից հետո նա զբաղեցրել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը։ 

 

2006-ի խորհրդարանական ընտրություններում պատգամավոր է ընտրվել։ 5-րդ գումարման խորհրդարանում եղել է Տիմոշենկոյի դաշինքի խմբակցության փոխնախագահը։

 


 

14.00 Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը գտնվում է Խարկովում, որտեղ այսօր կշփվի ընտրողների հետ: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր, նախագահի խորհրդական Աննա Գերմանը, հաղորդում է УНИАН-ը: Նա հայտնել է նաև, որ Յանուկովիչը կստորագրի նախօրեին Գերագույն ռադային կողմից ընդունված օրենքները:

 


13.33 Ուկրաինայի Գերագույն ռադայում նախագահի ներկայացուցիչ Յուրի Միրոշնիչենկոն տեղյակ չէ, թե որտեղ է այժմ գտնվում Վիկտոր Յանուկովիչը:

 

«Ես տեղեկություն չունեմ նախագահի գտնվելու վայրի մասին»,- շաբաթ լրագրողներին ասել է Միրոշնիչենկոն, գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:

 

Ուրբաթ տեղեկություն է հայտնվել, որ Յանուկովիչը մեկնել է Խարկով: Սակայն, Խարկովի օդանավակայանում պնդում են, որ նախագահական ինքնաթիռն իրենց մոտ վայրէջք չի կատարել: РБК- Украина-ի փոխանցմամբ՝ նախագահական ինքնաթիռը վայրէջք է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններում:

 


12.52 Հրաժարական է տվել նաև Ուկրաինայի Գերագույն ռադայի առաջին փոխխոսնակ Իգոր Կալետնիկը։ Ինչպես հայտնում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն, այդ մասին ասել է փոխխոսնակ Ռուսլան Կոշուլինսկին։

 


12.15 Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Ռիբակը հրաժարական է տվել՝ հիվանդության հետ կապված։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտնել է փոխխոսնակ Ռուսլան Կոշուլինսկին՝ շաբաթ բացելով խորհրդարանի նիստը։

 

Ինչպես հաղորդել ենք ավելի վաղ, Կիևի «Մայդանի ինքնապաշտպանության» ջոկատները լույս փետրվարի 22-ին գրավել են Գերագույն ռադայի շենքն ու նախագահական նստավայրը։ 

 

Փետրվարի 21-ի երեկոյան ցուցարարները, հավաքվելով Անկախության հրապարակում, պահանջել են նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականը։ Համաձայն վերջնագրի՝ նա պետք է պաշտոնից հեռանա մինչև առավոտյան ժամը 10.00-ն։

 

Հակառակ դեպքում նրանք խոստացել են զինված հարձակման անցնել։