Ռուսաստանի ԱԳՆ-ն վրդովված է Ուկրաինայում ավտոբուսի վրա կրակոցներից
Ռուսաստանի արտգործնախարարությունում վրդովված են Ուկրաինայում ավտոբուսի վրա բացված կրակոցների առնչությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է Ռուսաստանի քաղաքացի: Այդ մասին հաղորդվում է նախարարության կայքում:
«Ռուսաստանում վրդովված են Ուկրաինայի Ռովենսկայա շրջանում փետրվարի 21-ին տեղի ունեցած սադրանքի առնչությամբ: Կարպատներ հանգստի մեկնող բելառուսական Գոմել քաղաքից զբոսաշրջիկների ավտոբուսը ենթարկվել է գրոհայինների կողմից կրակոցների»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ վիրավորվել է ավտոբուսի վարորդը, որը Ռուսաստանի քաղաքացի է: Ներկայումս նա գտնվում է Բրեստի շրջանի հիվանդանոցում՝ ծանր վիճակում:
Նաև նշվում է, որ ԱԳՆ-ն պահանջում է «ուկրաինական իրավապահ մարմիններից, ինչպես նաև նրանցից, ովքեր վերահսկում են կամ փորձում են վերահսկել Ուկրաինայում ռադիկալ ուժերը, ապահովել խաղաղ բնակիչների անվտանգությունը»:










