Հայ-ֆրանսիական նոր համագործակցություն՝ կրթական ոլորտում

12:11 • 22.02.14

Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի և Ֆրանսիայի Էքս-ան-Պրովանսի Սիանս Պո քաղաքագիտության ինստիտուտի համագործակցության արդյունքում հիմնված Սիանս Պո Արմենիա ուսումնական հաստատության պաշտոնական բացումը տեղի ունեցավ այսօր:

 


Բացմանը ներկա էին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

 


Իր ելույթում Վիգեն Սարգսյանն ասաց, որ Հայաստանը գտնվում է բարեփոխումների շատ հավակնոտ շրջանում, և իրենց պետք են լավ կառավարիչներ: «Մենք մեծ ծրագիր ենք սկսում, և մոտ 8 ունկնդիր մյուս տարի հնարավորություն կունենա անվճար ուսումնական պրակտիկա անցնել Սիանս Պո քաղաքագիտության ինստիտուտում»,- ասաց նա:

 


Դեսպան ԱՆրի Ռենոն գոհունակություն հայտնեց այս խորհրդավոր օրվա առթիվ, քանի որ այսօր բացումն է մի կառույցի, որն արդյունքն է Հայաստանի կառավարման ակադեմիայի և Սիանս Պո-ի միջև: «Սիանս Պո Արմենիա կառույցի հաստատումով համագործակցության մի նոր փուլ ենք սկսում: Հուսով ենք, որ ընտրության միջոցով ձեր կողմից ընտրված ուսանողները համապատասխան հնարավորություն կունենան, որպեսզի հետագայում լավ մասնագետներ դառնան: Հիմա դուք արդեն պետք է սկսեք խաղալ, գնդակը ձեր դաշտում է»,- ասաց նա:

 


Նշենք, որ Սիանս Պո Արմենիան ՀՀ հանրային ծառայողներին, մասնավոր հատվածի աշխատակիցներին, տարբեր բուհերի շրջանավարտներին (մագիստրոսի որակավորմամբ) լրացուցիչ կրթություն է առաջարկում: Նման հաստատությունն առաջինն է ԱՊՀ-ում: Ուսումն արժե տարեկան 900 000 դրամ:

 


Ավարտելով Սիանս Պո Արմենիան՝ ուսանողները հնարավորություն են ստանում կրթությունը շարունակել հենց Սիանս Պո-ում: