Ձեռք բերված համաձայնությունը չի պարունակում Յանուկովիչի անձնական անվտանգության երաշխիքներ. Լեհաստանի ԱԳ նախարար

13:47 • 22.02.14

Ուկրաինայում քաղաքական իրավիճակի կարգավորման վերաբերյալ նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները չեն պարունակում նրա անձնական անվտանգության երաշխիքներ: Այդ մասին Վարշավայում ասել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին, հաղորդում է УНИАН-ը:

 

Նախարարը նշել է, որ նման երաշխիքներ ընդհանրապես չեն քննարկվել, և դրանք ոչ մի տեղ չեն գրանցվել:

 

Սիկորսկին նաև պատմել է, որ Յանուկովիչը չի բացատրել, թե ինչու է փետրվարի 20-ին գործը հասել հրազենի զանգվածային օգտագործման (ՆԳՆ-ն թույլ էր տվել իրավապահներին զենք օգտագործել)։

 

«Մենք նախագահ Յանուկովիչի հետ բանակցություններ ենք անցկացրել, խոստովանություններ չենք վերցրել: Յանուկովիչն ինձ խոստովանություն չի տվել, սակայն նախագահական իշխանության այդ շատ կենտրոնացված համակարգում մենք բոլորս ենթադրում ենք, թե որն է հրամանների շղթան»,- ասել է նախարարը:

 

Միևնույն ժամանակ նա «վատ միտք» է համարում նախագահի ամբողջական կապիտուլյացիայի հասնելը:

 

«Լավ միջոց չէ հասնել մեկի ամբողջական կապիտուլյացիայի, ով ունի տանկեր, ջրցաններ, դիպուկահարներ, ինքնաձիգներ, և ցույց է տալիս, որ պատրաստ է դա կիրառել»,- ասել է Սիկորսկին: