Յանուկովիչը գտնվում է Խարկովում. նախագահի խորհրդական
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը գտնվում է Խարկովում, որտեղ այսօր կշփվի ընտրողների հետ: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր, նախագահի խորհրդական Աննա Գերմանը, հաղորդում է УНИАН-ը: Նա հայտնել է նաև, որ Յանուկովիչը կստորագրի նախօրեին Գերագույն ռադային կողմից ընդունված օրենքները:
«Ուկրաինայի նախագահը Խարկովում է: Նա մեկնել է այնտեղ երեկոյան: Այսօր նա կհանդիպի ընտրողների հետ, ինչպես նաև ելույթ կունենա Խարկովի հեռուստատեսությամբ: Նախագահը չի մասնակցի այդ համագումարին, որը կազմակերպվում է Խարկովում»,- հաղորդել է Գերմանը: Խոսքն Ուկրաինայի հարավ-արևելյան շրջանների պատգամավորների համագումարի մասին է:
Աննա Գերմանը նաև պատմել է, որ նախագահի հետ Խարկովում է գտնվում նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Կլյուևը:
Ընդ որում՝ УНИАН-ին Գերմանը հայտնել է, որ նախագահն ինքն է նախաձեռնել արտահերթ նախագահական ընտրություններ, կոալիցիոն կառավարության ստեղծում և 2004 թվականի Սահմանադրությանը վերադարձ:










