Յանուկովիչի և Ուկրաինայի իշխող կուսակցության պատգամավորների գտնվելու վայրը հայտնի չէ. նախագահի ներկայացուցիչ
Ուկրաինայի Գերագույն ռադայում նախագահի ներկայացուցիչ Յուրի Միրոշնիչենկոն տեղյակ չէ, թե որտեղ է այժմ գտնվում Վիկտոր Յանուկովիչը:
«Ես տեղեկություն չունեմ նախագահի գտնվելու վայրի մասին»,- շաբաթ լրագրողներին ասել է Միրոշնիչենկոն, գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:
Նա ընդունել է, որ այդ հարցի շուրջ այժմ շատ լուրեր են պտտվում:
Միրոշնիչենկոն խոստացել է այդ տեղեկությունն իմանալուն պես հայտնել լրագրողներին:
Բացի այդ, նա ասել է, որ չգիտի նաև, թե որտեղ են գտնվում Ռեգիոնների կուսակցությունից իր գործընկերները:
Այսօր խորհրդարանում գրանցվել է 248 ժողովրդական պատգամավոր:
Ուրբաթ տեղեկություն է հայտնվել, որ Յանուկովիչը մեկնել է Խարկով: Սակայն, Խարկովի օդանավակայանում պնդում են, որ նախագահական ինքնաթիռն իրենց մոտ վայրէջք չի կատարել: РБК- Украина-ի փոխանցմամբ՝ նախագահական ինքնաթիռը վայրէջք է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններում:
Ուկրաինացի լրագրողները վստահեցնում են, որ Ուկրաինայի նախագահի նստավայրի՝ «Մեժիգորյե»-ի տարածքում պահակներից բացի մարդ չկա: Այդ մասին եթերում հաղորդել է «5-րդ ալիքի» լրագրողը: Նրա խոսքով՝ տարածքը բացարձակ դատարկ է, գրում է «Դոժդ»-ը:










