Ամեն բեմ ելնելը մի շախմատային պարտիա է. Հովհաննես Չեքիջյանը՝ շախմատի և երաժշտության մասին

23:08 • 23.02.14

Խմբավար, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբն արդեն 53 տարի ղեկավարող Հովհաննես Չեքիջյանը վերջերս դարձավ 85 տարեկան:

 

«Շախմատային Հայաստանի» հետ զրույցում Մաեստրոն խոսել է շախմատի հանդեպ իր վերաբերմունքի մասին, պատմել Տիգրան Պետրոսյանի և իր հանդիպումներից, նաև համեմատել շախմատը դիրիժորի աշխատանքի հետ` ասելով. «Ամեն բեմ ելնելը մի շախմատային պարտիա է»: Այս մասին գրում է armsport.am կայքը:

 

- Մաեստրո, վերջերս Դուք դարձաք 85 տարեկան: Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր տարիքին:

 

- Կանայք չեն բողոքում (ծիծաղում է): Չհավատալով եմ վերաբերվում իմ տարիքին, բայց փաստը մնում է փաստ: Երբ հիշում եմ, որ 85 տարեկան եմ, սարսափում եմ ինձանից` ուրեմն ես արդեն զառամյալ ծերունու տարիք ունեմ: Բայց գործունեությունս ակտիվ է, ես բեմի վրա շատ աշխույժ եմ:

 

- Այս տարի լրանում է նաեւ Տիգրան Պետրոսյանի 85-ամյակը: Դուք երբևէ հանդիպե՞լ եք նրա հետ:

 

-Իմ և Տիգրան Պետրոսյանի առաջին հանդիպումը չեմ հիշում, դա շատ շուտ էր` 60-ականներին, հայաստանյան իմ առաջին տարիներին: Երբ ես եկա, արդեն փոքրիշատե ճանաչված էի, նա` նույնպես, և մենք հեռակա կարգով գիտեինք իրար, բայց կոնկրետ ծանոթությունը չեմ կարող մտաբերել: Մենք շատ ենք հանդիպել Տիգրան Պետրոսյանի հետ, ընկերներ չէինք, բայց իրար հարգում ու գնահատում էինք. նա իմ համերգներին էր գալիս, ես նրա գործունեությանն էի հետևում:

 

Չեմ կարող ասել, որ նրան լավ եմ ճանաչել, բայց գիտեմ, որ շատ համեստ մարդ էր: Եթե ուրիշը լիներ նրա փոխարեն, կմեծամտանար, կշփանար: Իսկ նա` ոչ, և նրա մարդկայնությունը նույնպես խոսում էր իր մեծության, իր տաղանդի մասին:

 

Մի անգամ Մոսկվայի հյուրանոցներից մեկում նախաճաշի ժամանակ Տիգրան Պետրոսյանի հետ մի խաղ ենք խաղացել, բայց` ոչ շախմատ: Ես առհասարակ սիրում եմ տրամաբանական խաղեր հորինել և առաջարկել ընկերներիս: Ու նրան մի պարզ խաղ առաջարկեցի` լուցկիներ շարեցի յոթ շարքով, առաջին շարքում մեկ լուցկի, երկրորդում` երկու, երրորդում` երեք, և այդպես յոթ շարք: Խաղի ձևը հետևյալն է` խաղացողները հերթով պետք է լուցկիներ հանեն որևիցե շարքից: Կարելի է մեկ լուցկի հանել, կարելի է երկու, կարելի է ամբողջ շարքը հանել: Պարտվում է նա, ով վերցնում է վերջին լուցկին: Ես գլուխգովան չեմ, բայց հաղթել եմ նրան: Այդ խաղը յոթ անգամ իրար հետևից խաղացինք, Տիգրան Պետրոսյանը յոթ անգամ էլ պարտվեց: Յոթերորդ պարտությունից հետո շատ բարկացավ, թողեց ու գնաց:

 

Տիգրան Պետրոսյանի մասին միշտ հիացմունքով եմ խոսում: Նա մեր ազգի պարծանքն է, և, իմ սուբյեկտիվ կարծիքով, ըստ արժանվույն չի գնահատվել: Գնահատել են, իհարկե, բայց դա քիչ է, նա ավելի բարձր պետք է գնահատվի եւ արժևորվի: Նա վեց տարի շարունակ պահել է իր գահը, որը ոչ միայն նրա, այլև Հայաստանի եւ հայ ազգի պատիվն է եղել:

 

- Մաեստրո, իսկ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում շախմատին: Սիրո՞ւմ եք:

 

- Պաշտում եմ շախմատը, ոչ թե սիրում: Ինձ միշտ հետաքրքրում էր, թե քարերն ինչպես են գնում, արքային ինչպես են պաշտպանում մյուս բոլոր խաղաքարերը: Արքան փոքր քայլեր է անում, բայց նա է հաղթողը: Օրինակ` թագուհին ավելի շատ է քայլում, առավելություններ ունի արքայի նկատմամբ, բայց նա նույնպես պաշտպան է, նրա առաջնային արժանիքը արքային պաշտպանելն է:

 

Ինձ բախտ չի վիճակվել երբեւէ լրջորեն զբաղվել շախմատով, խորանալ, այսօր էլ արդեն տարիքս անցել է: Ես շախմատից հեռու մարդ եմ, բայց միշտ հետաքրքրվել եմ շախմատով: Համոզված եմ, որ եթե շախմատիստ լինեի, լավ կխաղայի: Մարդը միշտ էլ հետաքրքրված է նրանով, ինչը չի արել: Նույն կերպ էլ ես շախմատիստների նկատմամբ մեծ հիացմունքով եմ լցված, բայց եթե ինքս շախմատիստ լինեի, երևի նրանց այդքան չէի սիրի, որքան հիմա:

 

Շախմատը վերլուծական մտածողություն պահանջող խաղ է, ճիշտ մտածելու արվեստ: Ամեն մարդ չէ, որ կարող է շախմատ խաղալ: Շախմատը բարդ խաղ է, և դրանով էլ է ինձ գրավում: Ես սիրում եմ հաղթահարել կյանքի դժվարությունները, չեմ կարող ինչ-որ հեշտ գործ անել: Ես բարդ բաների համար եմ ծնված: 

 

- Ինչպե՞ս կարող եք շախմատը համեմատել Ձեր մասնագիտության` դիրիժորի աշխատանքի հետ:

 

-Շախմատում կան խաղի սկզբունքներ, խաղը տանելու տարբեր մեթոդներ, փառքին հասնելու համար տարվող աշխատանք: Նույնն էլ դիրիժորի աշխատանքն է: Երբ ես բեմում եմ, այնտեղ եղած հնչողությունը ինձ չի բավարարում, ես աշխատում եմ քսաներորդ շարքում նստած մարդու ականջով լսել երաժշտությունը: Դիրիժորը միշտ պետք է այնպես մեկնաբանի երաժշտությունը, որ ոչ միայն իր համար լավ լինի, այլև ժողովրդի, քանի որ ժողովուրդն է գնահատողը:

 

Այդ մատուցման ձևը նույնպես կարելի է համեմատել շախմատի հետ: Շախմատիստը ամեն ինչ հաշվի է առնում, նույնն էլ անում է դիրիժորը: Դիրիժորը համերգը սկսելուց առաջ պետք է տեսնի, թե ինչպիսի միջավայրում է նա, ովքեր են նրան լսելու: Շախմատիստն էլ պետք է հասկանա, թե ով է իր դիմացինը: Երկու դեպքում էլ եթե ճիշտ կռահես, հասկանաս մարդկանց բնույթը, կշահես, եթե ոչ` ոչ:

 

Ես նման եմ շախմատիստին նաև այն առումով, որ երբեք նույն ճանապարհով չեմ գնում: Եթե նույն կատարումը կատարենք հինգ հարյուր անգամ, ձայնագրենք և միասին միացնենք, հնչողությունը սինխրոն չի լինի: Նույնն էլ շախմատում է. երբեք պարտիան նույն տարբերակներով, նույն մեթոդներով առաջ չես տանում: Քո քայլերը փոխում են դիմացինիդ դիրքը, դիմացինդ քո դիրքն է փոխում: Ամեն մի խաղ տարբեր է, և ամեն բեմ ելնելը մի շախմատի պարտիա է: Տարբերությունն այն է, որ մեր գործում պարտություն չկա, ինչպես շախմատում, բայց կան մեկը մյուսին գերազանցող համերգներ:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: