Կիևի կենդանաբանական այգին կընդունի Յանուկովիչի լքված նստավայրում բնակվող կենդանիներին
Անասնաբույժները կզննեն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի «Մեժիգորյե» նստավայրում բնակվող կենդանիներին, ինչից հետո նրանց կտեղափոխեն մայրաքաղաքի կենդանաբանական այգի: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հայտնել է Կիևի քաղաքապետ Վլադիմիր Մակեենկոն:
«Այժմ իրականացվում է կենդանիներին Կիևի կենդանաբանական այգի տեղափոխելու գործընթացը: Ստրեսից 4 խայտահավ է սատկել. մենք անում ենք ամենը, որ նման բան չկրկնվի», - հայտնել է քաղաքապետը:
Ներկա պահին Յանուկովիչի կողմից լքված «Մեժիգորյե» նստավայրը բաց է այցելությունների համար: Ավելի վաղ Ռադան կողմ է քվեարկել «Մեժիգորյեն» պետական սեփականության վերադարձնելու մասին բանաձևի ընդունմանը:
ԶԼՄ-ների տվյալներով՝ նախագահի նստավայրում բնակվում են այնպիսի հազվագյուտ կենդանիներ, ինչպիսիք են նանդու տեսակի ջայլամները, աֆրիկյան ջայլամները, նաև այծքաղներ, թութակներ և ազնվացեղ եղջերուներ:










