Հրայր Թովմասյանը սովորություն չունի եթե-ներով սկսվող հայտարարություններին պատասխանելու. խոսնակ
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ափսոսում է, որ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ճիշտ չի ընկալել օրերս ԱԺ–ում իր արած արտահայտությունը և «անհարիր բառապաշար» է օգտագործում, այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի մամլո խոսնակ Կարինե Քալանթարյանը։
«Արդարադատության նախարարը խորը ափսոսանք է հայտնում, որ իր խոսքի ոչ ճիշտ ընկալումը հանգեցրել է պատգամավորի կողմից Ազգային ժողովում նման անհարիր բառապաշարի օգտագործման»,– ասաց նա:
«Նախարարը սովորություն չունի եթե-ներով սկսվող հայտարարություններին պատասխանելու. առանց եթե–ների հայտարարությունները, բնականաբար ստանում են համապատասխան պատասխաններ»,– ավելացրեց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Tert.am-ի հարցին, թե ինչպես է վերաբերվում նրան, որ ԱԺ ոչ իշխանական 4 ուժերը պահանջում են Կառավարության հրաժարականը Հրայր Թովմասյանը պատասխանել էր, թե՝ «Ղալլաթ են անում», ինչից հետո ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ–ում ասել էր, թե նախարարը նման կերպ վիրավորում է պատգամավորների հետևում կանգնած ժողովրդին: «Հիմա եթե մենք իրեն ասենք՝ ղալաթ ես անում, չաթլախ, չնեղանաք»,- ասել էր նա Ռուստամյանը:
Ավելի ուշ Արմեն Ռուստամյանը մեկնաբանել էր, թե ինչ է նշանակում այդ բառը՝ ասելով, որ դա տաճկերեն է և նշանակում է «ճաք տված»։ «Կան, իհարկե, այլ բացատրություններ, բայց Մալխասյանի բացատրական բառարանը կարող եք բացել և այնտեղ կարդալ, որ «չաթլախ» նշանակում է ճաք տված»,- ասել էր նա։










