Ուկրաինայում ներքին պառակտում և՛ հնարավոր է, և՛ ոչ. քաղաքական գործիչներ
Ուկրաինայի ներսում մեծ պառակտում չի լինի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին, ասաց նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը՝ նշելով, թե հավանականությունը մեծ էր, որ Ուկրաինայում քաղաքացիական կռիվներ կլինեին, բայց հնարավոր եղավ դրանից խուսափել:
Ազատ Արշակյանը նաև համոզմունք հայտնեց, որ Ուկրաինայի ժողովրդավարությունը կարող է տարածվել նաև Ռուսաստանի վրա:
Ասուլիսի մյուս բանախոս, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն էլ իր հերթին ասաց, թե Ուկրաինայում այս դեպքերը տեղի ունեցան միայն այն պատճառով, որ Ուկրաինան չկարողացավ ընտրություն կատարել Եվրամիության ու Մաքսային միության միջև:
Ի տարբերություն Ազատ Արշակյանի, Միքայել Մելքումյանը ենթադրեց, որ Ուկրաինայում ամեն ինչ էլ հնարավոր է, այդ թվում՝ պառակտում, բայց նաև ավելացրեց, որ գերտերությունները գրեթե միշտ պատրաստ են աշխատել Ուկրաինայում ընտրվող ղեկավարության հետ: «Անձերի խնդիր չկա: Ռուսաստանի Դաշնությունը ժամանակին լավ էլ աշխատում էր Յուլյա Տիմոշենկոյի հետ»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:










