Մեծ Բրիտանիան պատրաստ է ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան այլ արևմտյան երկրների հետ պատրաստ է ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Reuters գործակալությանը հղումով։
«Մենք պետք է պատրաստենք չեքային գրքույկը, որպեսզի Ուկրաինայի ժողովուրդը վերականգնի իր երկիրը»,-ընդգծել է ֆինանսների նախարարը։
Միևնույն ժամանակ ճշգրիտ գումարի չափը, որը Մեծ Բրիտանիան և այլ երկրներ կտրամադրեն Ուկրաինային, չի նշվում։
«Գլխավոր առաջնահերթությունը քաղաքական կայունության և հասարակական կարգի վերականգնումն է Կիևի փողոցներում և այլ քաղաքներում»,- հայտարարել է Օսբորնը։
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն և «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել էին Ուկրաինայի հնարավոր դիմումն Արժույթի միջազգային հիմնադրամ։










