«Դ!ԵՄ ԵՄ»-ը ՍԴ նիստին ընդառաջ հանրահավաք կանի ոչ իշխանական ուժերի հետ, մինչ այդ կլինեն այլ ակցիաներ

08:51 • 24.02.14

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ հանդես եկող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը նախնական որոշմամբ մարտի 22-ին հանրահավաք կհրավիրի և Սահմանադրական դատարանից կպահանջի մարտի 28-ին կայանալիք նիստին հարգել ՀՀ քաղաքացիների իրավունքը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Գևորգ Գորգիսյանը:


«Ավելի շուտ էինք ուզում հրավիրել հանրահավաք, բայց Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքն էր վերջերս, մի քանի օրից էլ` մարտի 1-ին ՀԱԿ-ն է հրավիրել հանրահավաք, այդ պատճառով նպատակահարմար չէր այդ արանքում որևէ բան կազմակերպելը, որպեսզի ժողովուրդը չհոգնի հանրահավաք կոչվածից, որպեսզի նաև այն, ինչ մենք ենք անում, տարանջատվի մնացած բոլորից: Մինչ հանրահավաքը դարձյալ կլինեն բողոքի ակցիաներ, երթեր, անպայման կլինի ավտոերթ և այլն»,-ասաց նա:


Հարցին, թե «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը մասնակցելո՞ւ է մարտի 1-ին կայանալիք հանրահավաքին, Գևորգ Գորգիսյանը պատասխանեց, որ իրենց շարքերից շատերը իբրև ՀՀ քաղաքացի կմասնակցեն՝ հարգելով զոհվածների հիշատակը, բայց ոչ իբրև «Դ!ԵՄ ԵՄ»-ի անդամներ:


Ինչ վերաբերում է նախաձեռնության կողմից առաջիկայում հրավիրվելիք հանրահավաքին, ապա այն կունենա նույն ձևաչափը ինչ նախորդ անգամ՝ նրանց կմիանան խորհրդարանական ոչ իշխանական ուժերը:


«Կոնկրետ խնդիր ունենք օրակարգում և կոնկրետ խնդրի դեմ ենք պայքարում, իսկ ցանկացած ուժ, որ պայքարում է մեր հետ, կարող է մեզ հետ լինել նույն հարթակում: Մենք դեմ չենք նրանց մասնակցությանը և երբեք էլ դեմ չենք եղել: Համատեղ ենք պայքարում այս օրենքի դեմ»,-ասաց նա:


Դիտարկմանը, թե նախորդ հանրահավաքին քաղաքական կարգախոսներ էին հնչել, մասնավորապես «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Լևոն Զուրաբյանը մոտենալով բարձրախոսին վանկարկել էր՝ «Պայքար, պայքար, մինչև վերջ» և արդյոք մտավախություն չունեն, որ հանրահավաքը քաղաքականացնելու փորձեր կարվեն, «Դ!ԵՄ ԵՄ»-ի անդամը պատասխանեց՝ ասելով, որ իրենք ունենք հստակ պայմանավորվածություն ուժերի հետ:


«Եթե նախորդ հանրահավաքի մասին խոսենք, օրակարգում հարցը էլի նույնն էր, ուժերը խոսում էին միայն մի խնդրի շուրջ: Թե իրենցից ով ինչ բառապաշար ունի և ով ինչ բառապաշարով է ներկայանում, դա այլ հարց է: Ամեն դեպքում բոլոր ուժերն էլ խնդրի սահմաններում էին և դրա շրջանակից դուրս չեկան»,- ասաց նա:


Գևորգ Գորգիսյանը նաև ընդգծեց, որ միանգամից մի քանի ուժերի ներկայությունը նույն հանրահավաքին զսպաշապիկի դեր է խաղում:


«Եթե նույնիսկ ինչ-որ մեկը փորձի իր քաղաքական ուղղությամբ տանել, մնացածը դրան դեմ են կանգնելու, այսինքն՝ մենք այստեղ նույնիսկ անելիք չունենք: Դա արդեն իրենց ներքին խնդիրն է դառնում, ոչ թե մեր: Իրենք մեզ հետ համագործակցում են որպես ընդհանուր միավորված ուժ»,- ասաց նա:


«Դ!ԵՄ ԵՄ»-ի անդամը վստահությունը հայտնեց, որ առաջիկա հանրահավաքը նախորդի համեմատ շատ ավելի բազմամարդ է լինելու, քանի որ շատերն արդեն իրենց «մաշկի վրա» զգացին օրենքի ազդեցությունը, երբ նրանց գումարը պակասեց:


«Օրինակ՝ հենց Էլեկտրացանցերի աշխատողներն ասում էին, որ նախորդ անգամ իրենք չեն եկել, քանի որ միամտորեն կարծել են, որ այս ամենն իրենց չի վերաբերելու: Ես գիտեմ շատ ու շատ ուսուցիչներ, ուսանողներ, դասախոսներ, որոնք էլի չկային, քանի որ վախեցած էին, իսկ հիմա համբերության բաժակը լցված է, կատաղությունը վախին հաղթահարում է: Սա ստիպողաբար գրպանահատություն է, դրամաշորթում, որը քրեորեն պատժելի արարք է»,-ասաց նա: