Կեցցեն Սամասթները, նզովվեն Դինքերը. ադրբեջանամետ թուրքերն «Ակօս»-ի առջև պաստառ են պարզել
Ստամբուլի Շիշլի թաղամասին մոտ (այնտեղ է գտնվում նաև «Ակօս» շաբաթաթերթի խմբագրությունը-Tert.am) հավաքված մի խումբ ցանկացել է քայլերթ իրականացնել դեպի Թաքսիմ հրապարակ, և այդ ընթացքում ռասիստական ցուցապաստառ է պարզել, հայտնում է «Ակօս»-ը։
Խումբն այդ կերպ փորձել է հարգել 1992թ.-ի փետրվարի 26-ին տեղի ունեցած այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակը։
Նման միջադեպ տեղի էր ունեցել նաև 2012թ.-ին Բեյօղլուում, երբ Թուրքիայի ներքին գործերի նախարարի մասնակցությամբ տեղի ունեցած միջոցառմանը հայերի հասցեին հայհոյանքներ պարունակող պաստառներ էին պարզվել։
Այս տարվա ակցիայի ընթացքում ոստիկանությունը խոչընդոտել է ոչ թե պաստառը պարզելուն, այլ դեպի Թաքսիմ քայլելուն։
Ցուցարարները Թուրքիայից պահանջել են ճանաչել «Խոջալուի ցեղասպանությունը», քանի որ դա ոչ թե 100 տարվա, այլ 20 տարվա պատմություն է։
Նշենք, որ Օգյուն Սամասթը պոլսահայ մտավորական, լրագրող Հրանտ Դինքի մարդասպանն է։










